ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կարող է շահել եւ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը`անդամակցելով Եվրասիական միությանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ կարող է շահել եւ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը`անդամակցելով Եվրասիական միությանը: Օգուտներին ու վնասներին անդրադարձել են «Համաձայնություն» կենտրոնի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանության օժանդակությամբ այսօր անցկացված սեմինար-քննարկման մասնակիցները: Ոմանց գնահատմամբ` Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը կարող է վնասել մեկ այլ` Եվրոպական միությանն ինտեգրվելուն: Ոմանք հակառակ կարծիքին են եւ նշում են, որ այս երկու ուղղություններն իրար հակադրելու խնդիր չկա: Կարճ խոսքով` հարցի առնչությամբ մոտեցումները Հայաստանում միանշանակ չեն: Թերեւս կարելի է մեկ ընդհանրություն միայն գտնել` հակադիր դիրքորոշումների հեղինակները, բոլոր դեպքերում, կարծում են, որ քննարկումներ անցկացնելն առանձնապես վնասակար չէ, առավել եւս, երբ խոսքը դեռեւս գոյություն չունեցող կառույցի մասին է:

Ըստ Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի` թեպետ խոսվում է, որ եվրոպական եւ եվրասիական ուղղությունների միջեւ հակասություններ չկան, սակայն, այդ հակասությունների խնդիրը կա: Եվրասիական միությունը որպես այդպիսին գոյություն չունի, սակայն, Նոր Ժամանակներ կուսակցության նախագահը նկատեց, որ արդեն կայացած են մաքսային միությունն ու ընդհանուր տնտեսական տարածքը, իսկ Հայաստանի համար, ըստ Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավարի, տնտեսական ինտեգրացման խնդիրն առաջնայիններից է: Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե Եվրասիական միության հետ մենք չունենք ընդհանուր սահման: Ընդհանուր սահման չկա նաեւ Եվրամիության հետ` շեշտեց բանախոսը: Նա նաեւ այսպիսի դիտարկում կատարեց Եվրասիական մաքսային միության հետ կապված: Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, կարծում է, որ Եվրասիական միությունը զուտ աշխարհաքաղաքական նախագիծ է, որի հիմքում դրված է Ռուսաստանի ազդեցության գոտիների պահպանության ցանկությունը:
Միաժամանակ, ըստ Ստեփան Սաֆարյանի, Եվրասիական միությունը փորձում է որպես այլընտրանք ներկայանալ Եվրոպական միությանը` պրոյեկտելով վերջինիս: Արամ Կարապետյանը նաեւ շեշտեց, որ չկա որևէ պետություն, Ռուսաստանից բացի, որ մեր տնտեսության մեջ դրական դեր ունենա և օգնի, որ մեր արդյունաբերությունը կայանա, կայանա ազգային տնտեսությունը:
Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, կարծում է, որ Եվրասիական միության մասին խոսելիս պետք է տարանջատել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, քանի որ երկկողմ մակարդակով Հայաստանը կարող է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ խորացնել որքան անհրաժեշտ է:

Այսօր խոսքը Եվրասիական միության կայացմանը Հայաստանի մասնակցության մասին չէ, այլ` կայացած մաքսային միությանը մաս կազմելու` նկատեց Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, եթե եղած փաստերի հետ չենք ուզում հաշվի նստել, տեսնել տնտեսական զարգացման մեր շահերը, ապա` մարդկանց ցանկությունը զուտ վիրտուալ է, որովհետեւ, Կարապետյանի ձեւակերպմամբ, Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ վիրտուալ խոսակցություններից բացի այլ բան չկա:

Թողնել պատասխան

Back to top button