Քաղաքական

Գերմանիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասում է Բեռլինի ազատ համալսարանի դասախոսը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Գերմանիան մինչև 2015 թականը չի ճանչաի Հայոց ցեղասպանությունը, այսօր ասել է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս , Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ դոկտոր Ժիրայր Քոչարյանը։ Նա նշել է, որ Գերմանիայում այսօր շուրջ 4 մլն  թուրք է ապրում, որոնք մեծ կշիռ են ներկայացնում և ընդգրկված են գերմանական տարբեր կուսակցություններում։
Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր, զինեղբայրը, ինչպես նրանք էին միմյանց կոչում։ Սուլթանական Թուրքիայում կային 15 գերմնական հյուպատոսարաններ, որոնք քաջատեղյակ էին հայերի բնաջնջման ու տեղահանման թուրքական ծրագրին։
Գերմանիան ոչ միայն չխոչնդոտեց այդ ծրագրի իրականցմանը, այլև հետագայում էլ ամեն ինչ արեց թուրքական ոճրագործությունը պարտակելու համար։
«Անգամ Թալեաթի սպանությունից հետո, Սողոմոն Թեհլերյանի դատավարության ողջ ընթացքում ու անգամ դրանից հետո Գերմանիայի արտգործանախարարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի այդ դատավարությունը չքաղաքականացվի ու հայ վրիժառուն ներկայացվի որպես հոգեկան հիվանդ»,-ասում է Բեռլինի ազատ համլսարանի դասախոսը՝ նշելով, որ Գերմանիայի այս քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է։
«Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ճանաչել և դատապարտել այս ոճրագործությունը։ Գերմանիայում այսօօր ապրում են մոտ 4 միլիոն թուրք՝ 350 հազարը միայն Բեռլինում։ Թուրքերը մեծ կշիռ են ներկայացոնւմ, ընդգրկված են քաղաքական լուրջ կառույցներում»,ասում է Ժիրայր Քոչարյանը՝ համոզված, որ հայկական ցունամին Գերմանիայում այնքան էլ ուժգին չի լինի։
Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամը նշեց, որ Բունդեսթագին ուղղված բոլոր պահանջները ցեղասպանության ճանչման վերաբերյալ ստացել են հետևյալ արձագանքը՝ կան արդեն ընդունված միջազգային օրենքներ, ինչը բավական է։
Գերմանիայի հայկական հանձնախումբն այնուամենայնիվ կշարունակի իր աշխատանքը՝ փորձելով գերմանական իշխանություններին հասցնել ճշմարտությունը, որն այլընտրանք չունի։ Չդատապարտված ոճիրը նոր ոճիրների աղբյուր է։
«Հայաստանի անվտանգությունը վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ Թւորքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը»,- հավելեց Ժիրայր Քոչարյանը

Թողնել պատասխան

Back to top button