ԿարևորՏնտեսական

Ըստ վարչապետի՝ բյուջեի ներկայացված իրատեսական նախագիծը կոչված է զերծ պահել երկիրը ցնցումներից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովում իրենց դիրքորոշումները 2013 թվականի պետբյուջեի նախագծի շուրջ այսօր ներկայացրեցին խորհրդարանական խմբակցությունները: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական օրինագծի ընդունմանը կողմ են եղել միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, մնացած խմբակցությունները բացասաբար են տրամադրված կառավարության կողմից ներկայացված փաստաթղթին։
Իշխող կոալիցիան բերում է պետբյուջեի նախագծի դրական կողմերը, ինչին ի պատասխան ընդդիմությունը բերում է իր հակափաստարկները: Բավականին հագեցած այս քննարկումները, կրելով տնտեսագիտական թեքում, այնուամենայնիվ իրենց մեջ պարունակում էին և քաղաքական տարր` հաշվի առնելով հաջորդ տարվա փետրվարին սպասվող նախագահական ընտրությունները։

Ընդունելով առկա դժվարությունները՝ ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը նշեց բյուջեի իրատեսական և հեռանկարային լինելու հանգամանքը։
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության համար պետբյուջեի նախագիծը  ներկայիս տեսքով անընդունելի է: Այնուամենայնիվ դա չի խանգառել ժառանգականներին ներկայացրել առաջարկությունների մի ստվար փաթեթ: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց որ դրանց մի մասը կներառվի բյուջեի վերջնական տարբերակում: Դրանց մեծ մասը վերաբեորվում է սոցիալական ոլորտին և պահանջում է նոր ծախսեր, որոնց համար անհրաժեշտ է դուրս բերել ստվերային տնտեսության ներուժը։

Դաշնակցությունը ևս ունի իր դիտողությունները ներկայացված փաստաթղթի շուրջ, որոնք ներկայացրեց խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ պետբյուջեի նախագծի դրույթները չեն վկայում դրանց սոցիալական լինելու մասին:
Հանդես գալով նախագծին կողմ՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իր ելույթում անդրադարձավ գալիք տարի սպասվող աշխատավարձի աճին` 2500 դրամով։
Եթե ՕԵԿ-ին գոհացնում է եկող տարվա համար նախանշված  35 հազար դրամ  նվազագույն աշխատավարձը, ապա ՀԱԿ-ի համար ընդունելի է 72500 դրամ ցուցանիշը, ինչի համար, ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, կան անհրաժեշտ հնարավորություններ և դրանք պարզապես պետք է օգտագործել։
Քննադատության իր լուման ներդրեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որին ևս մտահոգում են սոցիալական խնդիրները։

Հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է երկխոսության, մասնավորապես քննարկել արդեն ստացված պատգամավորվների ավելի քան 60 առաջարկները: Նա նշեց, որ «Պետբյուջե-13»- ի ներկայացված հավասարակշռված և իրատեսական նախագիծը կոչված է զերծ պահել երկիրը ցնցումներից։

Մինչ ընթանում էր լիագումար նիստը, ՀԱԿ խմբակցությունը ձեռնամուխ էր եղել նոյեմբերի 21-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին։ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ նիստում մտադիր են ներկայացնել օրենսդրական փոփոխություններ՝ միտված փետրվարին օրինակելի և ընդունելի նախագահական ընտրությունների անցկացմանը: Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ իշխող մեծամասնությունը կաշխատի տապալել արտահերթ նիստի անցկացումը։

Թողնել պատասխան

Back to top button