ԿարևորՀասարակություն

Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը:Հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին կառավարությունում` վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»: Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում: Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Էդգարս Ռինկևիչսը ողջունել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները և վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում և այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության և անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական հռետորաբանությամբ և ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչն արձանագրել են նաև ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը: Լատվիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Թողնել պատասխան

Back to top button