ԿարևորՀասարակություն

Մանկավարժ լինելը ամենապատվավոր մասնագիտությունն է. Սեյրան Օհանյանը հանդիպել է մանկավարժականի դասախոսների հետ

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Մանկավարժ լինելը ամենապատվավոր մասնագիտությունն է, այսօր ողջունելով Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, իր խոսքում նշեց ՊՆ Սեյրան Օհանյանը, ով համալսարանի ռեկտորի հրավերով՝ 90-ամյակի առիթով այսօր Մանկավարժական համալսարանում էր: Խոսելով հայոց բանակի վրա մանկավարժական համալսարանի մեծ դերակատարության մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ կապն ու համագործակցությունը հատկապես լավ երեւացել է Արցախյան ազատամարտի տարիներին. «Շատ մանկավարժներ հայկական բանակի կազմավորման ակունքում են կանգնած եղել եւ իրենց ներդրումն են ունեցել հայոց բանակի կազմավորման ընթացքում»:

«Ազգային ազատագրական շարժման օրերին Մանկավարժական ինստիտուտում եւս կազմավորվեցին ջոկատներ: Մենք ունեցանք նաեւ կորուստներ` Մովսես Գորգիսյանին, Մեխակ Մեխակյանին, եւ բոլոր այն 13 հերոսներին, ովքեր մանկավարժական համալսարանից են կազմել ջոկատներ եւ մեկնել կռվի»:

Այս առումով այսօր էլ իրենց մեծ դերակատարությունն ունեն մեր մանկավարժները , ասաց ՊՆ-ը, ավելին, նրանք իրենց նվիրումով ոչնչով չեն տարբերվում այն կադրային սպաներից, որոնք կերտել ու կայացրել են Հայաստանի զինված ուժերը: Օհանյանը նշեց նաեւ, որ պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերի, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը եւ մշտապես կապ պահպանի իր դպրոցի մանկավարժների հետ: «Այս ամենը կատարվում է մեր պետության պաշտպանության ընդհանուր համակարգի ամրապնդման համար»,- ասաց նախարարը:

Գիտխորհրդի անդամները նախարարին հարցրեր ուղղեցին բանակի հրամանատարության կրթական որակի եւ սահմանների պաշտպանության մասին: Նախարարը տեղեկացրեց, որ սպայական անձնակազմի բոլոր օղակները համապատասխան կրթություն ունեն, իսկ 2013-ին նախատեսվում է ձևավորել հրամանատարաշտաբային օղակի պատրաստման ակադեմիա: Սահմանների պահպանության եւ 1 –ին գծում տեղի ունեցող միջադեպերի մասին խոսելիս՝ Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ 1994 թվականից շփման գծում պարտադրողի դերում հայկական կողմն է: Նրա խոսքով՝ դիվերսիոն հարձակումներից և դիպուկահարների գործողություններից կորուստներ ունենում ենք, բայց հակառակորդն իր պատիժը միշտ ստանում է: «Մեր զինվորի մարտական ոգին բարձր է։ Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա, որոշ ժամանակ ինչ որ թուլություններ լինում են, բայց դրանք շտկելու ուղղությամբ մենք աշխատում ենք»:

Վերջում Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՊՆ-ից ստացավ Անդրանիկ Օզանյան հուշամեդալ, իսկ ՊՆ-ը ստացավ Խ.Աբովյանի 90- հուշամեդալ, 90 ամյակին նվիրված ալբոմ եւ համալսարանի կիրառական արվեստի բաժնի ուսանողի դիպլոմային աշխատանքը՝ ոսկեզօծ գավաթ:

Թողնել պատասխան

Back to top button