ԿարևորՄշակույթ

Ինչպե՞ս ծնվեց Լևոն Գրիորյանի «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» ֆիլմը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

[pro-player width=’530′ height
=’30’ type=’sound’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/ALISA-15.mp3

«Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» ֆիլմով ես փորձեցի ներկայացնել այն կերպարը, որը ցանկանում էր ստանալ Փարաջանովն իր ամբողջական ֆիլմի միջոցով. ճշմարտություն որոնող մարդ, ով վերջապես գտնում է այդ Ճշմարտությունն ի դեմս Աստծո»: Ինչպես ծնվեց Լևոն Գրիորյանի ֆիլմը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին։ Ինչ առնչություններ ուներ ռեժիսորը մեծ գեղագետի հետ։

«Հրաշալի մարդկանց կյանքը» հրատարակության շրջանակներում այս տարի Մոսկվայում լույս տեսավ Լևոն Գրիգորյանի «Փարաջանով» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ և հիշողություններ Սերգեյ Փարաջանովի մասին: Երկար տարիներ նա ուսումնասիրել է Փարաջանովի արվեստն ու ստեղծել հինգ ֆիլմ մեծ գեղագետի մասին: Լևոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» ֆիլմը տարիներ առաջ ներկայացվեց «Ոսկե ծիրան» երևանյան երրորդ կինոփառատոնում: Ինչպես է ծնվել այս ֆիլմը: Պատմում է ռեժիսորը:

«Ես առաջին իսկ օրվանից եղել եմ Փարաջանովի կողքին, երբ հազար ինը հարյուր վաթսունվեց թվականի գարնանը առաջին անգամ նա այցելեց Հայաստան: Ես պարզապես պետք է ուղեկցեի նրան: Իմ աչքերի առաջ Փարաջանովը բացահայտում էր Հայաստանը և հիացած էր: Նա անընդհատ կրկնում էր՝ ինչպես է պահպանվել այս հնագույն մշակույթը: Փարաջանովը չափազանց գնահատում էր մեր ազգային ավանդույթները, որոնք պահպանվել են դարերի ընթացքում: Դրանք անչափ ոգևորում էին նրան: Նրա կողքին եմ եղել կյանքի վերջին վայրկյաններին: Փարաջանովը պարզապես խիզախ մարդ էր՝բառի ամենախորը իմաստով: Երբեմն այդ խիզախությունը հասնում էր աբսուրդի, բայց նա այդպիսին էր»:

Ինչ վերաբերում է «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» ֆիլմին. որպես ռեժիսորի օգնական Լևոն Գրիգորյանը մասնակցել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի աշխատանքներին և տեղյակ էր բոլոր այն կադրերի մասին, որոնք Փարաջանովը նկարել էր, բայց ֆիլմի վերջնական տարբերակից դուրս էին մնացել: «Հենց այդ պատճառով էլ «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ես խորապես հիասթափված էի: Դա այն չէր, ինչ ցանկացել էր նկարել Փարաջանովը: Շատերն են համաձայն, որ ֆիլմը, որքան էլ գեղեցիկ է, այնուամենայնիվ, մի տեսակ անհասկանալի է: Փարաջանովը ավելի տրամաբանական ֆիլմ էր նկարել»,-ասում է ռեժիսորը.« Պարզապես նա ֆիլմը հանձնեց այն ժամանակ, երբ խորհրդային տանկերը մտել էին Պրահա և սկսվել էր ցենզուրայի ամենադաժան շրջանը: «Նռան գույնը» հայտնվեց այդ թրի տակ, ասում էին՝ սա էրոտիկա է, միստիկա է: Ֆիլմը դաժանորեն կրճատվեց և կրճատվեցին լավագույն հատվածները»:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ռեժիսորը հակված է անվանել միայն հրաշք: Ֆիլմի ստեղծումից քառասուն տարի անց՝ 1995 թվականին պարզվում է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվում մեծ քանակությամբ ժապավեն են գտել, որը, կարծեք, Փարաջանովի «Նռան գույն»- ֆիլմն է: «Դա անհավանական բան էր, քանի որ խորհրդային անորակ ժապավենը մենք վերամշակում էինք արծաթով, և աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր ֆիլմերի ժապավենները հանձնում էինք, և այդ ժապավեններից մի քանի կիլոգրամ արծաթ ստանում»,-ասում է ռեժիսորը։ Նրա խոսքով խորհրդային կինոյի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, որ ֆիլմի աշխատանքային ժապավենը պահպանվել էր: «Ես սա պատահականություն համարել չեմ կարող, ինչպես ասում է Բուլգակովը. «Ձեռագրերը չեն այրվում»: Ինչպես և ում ձեռքով փրկվեցին այդ ժապավենները, անհայտ է, բայց պարզվում է, որ ժապավենները ևս չեն այրվում»։

2005 ականին վերջապես ծնվեց «Հիշողություններ Սայաթ Նովայի մասին» ֆիլմը, որով Լևոն Գրիգորյանը փորձեց ներկայացնել այն կերպարը, որը ցանկանում էր ստանալ Փարաջանովն իր ամբողջական ֆիլմի միջոցով. ճշմարտություն որոնող մարդ, ով վերջապես գտնում է այդ Ճշմարտությունն ի դեմս Աստծո: Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների, ցուցադրվել տարբեր երկրներում և ամենուր ընդունվել է մեծ հետաքրքրությամբ: «Բայց որքան հաջողակ է այն դրսում, նույնքան անհաջողակ գտնվեց Հայաստանում»,-ասում է ռեժիսորը:

Թողնել պատասխան

Back to top button