ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի՝ նոր ճանապարհային քարտեզի առաջարկը ժամանակավրեպ է, ասում է ԱԳ նախարարը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը: Երկու երկրների արտգործնախարարներն այսօր խոսել են եկող տարի նախատեսված միջկառավարական հանդիպումների, ՀՀ ԱԺ նախագահի Ռիգա այցի եւ միջխորհրդարանական կապերի զարգացման մասին։
Էդվարդ Նալբանդյանն իր լատիշ պաշտոնակցին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլն ու ասել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում նոր ճանապարհային քարտեզ կազմելու Բաքվից հնչող առաջարկություններին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ նման ձևակերպումներն այնպիսի տպավորություն են ստեղծվում, որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկողները ուշացել են գնացքից ու կանգնած մնացել կայարանում։
«Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանում որոշ մարդիկ մնացել են դեռ 90-ական թվականներին և փորձում են ներկայացնել այն ժամանակվա իրավիճակը, մինչդեռ բանակցային գործընթացի մեկնարկից 15-17 տարի է անցել: Նրանք մնացել են նույն կայարանում, իսկ գնացքը շարժվում է»:

Երկու օր առաջ Հայ- ուրուգվայական բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն Ստեփանակերտում հայտարարել էր, որ Ուրուգվայը կարող է լինել առաջին երկիրը, որ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս հայտարարությունը ցնցում առաջացրեց Բաքվում:
Լրագրողների հարցին, թե արդյոք ինչպես է գնահատում Լատվիայի արտգործնախարարը Ուրուգվայի այս դիրքորոշումը,  Էդգարս Ռինկևիչսը պատասխանել է, թե չ կարծում, թե այս հարցը պետք է քննարկվի։
«Դժվար է մեկնաբանել Ուրուգվայի այս հայտարարությունը: Ղարաբաղյան խնդրով զբաղվում է ՄԽ-ը և չեմ կարծում, թե կարող ենք խոսել ճանաչման մասին։ Այն չի նպաստի բարդ իրավիճակի հանգուցալուծմանը»,- ասաց Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ խորհուրդ տալով սևեռվել բանակցությունների վրա:

Թողնել պատասխան

Back to top button