ԿարևորՍպորտ

Ֆուտբոլի Ազգային հավաքականի հոբելյանական հանդիպումն՝ այսօր. Հայաստան-Լիտվա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ուժերը կչափի Լիտվայի ընտրանում հետ: Նշենք, որ լիտվացիների հետ հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կավարտի իր մրցելույթները մրցաշրջան-2012-ում: Այսօրվա հանդիպումը հիշարժան կլինի առնվազն 2 առումով: Նախ կկազմակերպվի մեր ընտրանու երկար տարիների ավագ, հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանի՝ Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու արարողությունը. Հովսեփյանը 131 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում: Այսօր նա վերջին անգամ կկրի Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Եվ երկրորդ՝ մեր ընտրանին իր 20-ամյա պատմության մեջ կանցկացնի հոբելյանական՝ 150-րդ հանդիպումը: «Միայն այս 2 իրադարձությունները բավական են, որպեսզի մեր ֆուտբոլիստները ձգտեն անպայման հաղթանակով ավարտել մրցաշրջանի ավարտական հանդիպումը: Չպետք է մոռանալ նաև մրցակցի նկատմամբ ռևանշի հասնելու կարևորության մասին»,-գրել է armsport.am-ը: Գործակալությունը տեղեկացնում է, որ այսօր կայանալիք Հայաստան-Լիտվա հանդիպումը սպասարկելու է Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը:

Ի դեպ, William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետներն այսօրվա մրցավեճում ֆավորիտ են համարում Վարդան Մինասյանի թիմին: Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.91, իսկ լիտվացիներինը՝ 4 գործակցով: Ոչ ոքին ունի 3.5  գործակից:

Հիշեցնենք՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Թողնել պատասխան

Back to top button