ԿարևորՏնտեսական

Ինչպիսի՞ բյուջե ենք ունենալու հաջորդ տարի. խորհրդարանական քննարկումներ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ձայների 35 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր մերժել է  «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող  ՀՅԴ նախագիծը, որը խմբակցությունն  արտահերթ էր համարել: Դաշնակցությունն    առաջարկում էր յուրաքանչյուր հաջորդ տարվա համար նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել պետական բյուջեով օրենքում, իսկ «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում ամրագրել միայն  սկզբունքները:
Ըստ այս առաջարկի՝ նվազագույն աշխատավարձը 2013-ին կկազմեր  45.000 դրամ, իսկ դրա համար կպահանջվեր  16 մլրդ դրամ: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ հիմնավորմամբ, թե  նվազագույն աշխատավարձի բարձրացումը կառավարության հմար նույնպես ծրագրային խնդիր է, բայց գործադիրն այդ բարձրացումը նախատեսում է իրականացնել ոչ թե միանգամից, այլ՝ աստիճանաբար:
ՀՅԴ նախագծին դեմ են քվեարկել՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, իսկ կողմ՝ ԲՀԿ-ի և ընդդիմադիր խմբակցությունների՝ նիստին ներկա   պատգամավորները:

Քվեարկությունից հետո խորհրդարանը շարունակել է 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումը. 19 պատգամավորական ելույթ  և  7 ելույթ էլ կառավարության կողմից։

ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանի համար ֆինանսական գլխավոր փաստաթուղթը փակվող օբյեկտի բյուջե է հիշեցնում: Որակումների շաքրին նա ավելացրեց ևս մեկը. «2013 թ. բյուջեի նախագիծը այլ կերպ չեմ կարող անվանել, քան կոնսերվացման բյուջե»:

Փաշինյանը նման տպավորություն ստացել է  բյուջեի ցուցանիշներից հատկապես մի քանիսին ծանոթանալուց հետո:

«Կրթության ոլորտում, օրինակ, աշխատավարձի ծախսերը 2013-ին նվազելու են 542.6 մլն դրամով: Ըստ կառավարության՝ սա ունի պարզ բացատրություն. 2013-ին աշախակերտների թիվը 6800-ով ավելի պակաս է լինելու»:

Սոցիալական կեսնաթոշակի ֆոնդը նույնպես պակասել է 203 մլն դրամով, աշխատանքային կենսաթոշակինը՝ 1 մլրդ. 648 մլն դրամով, ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարության հիմնավորումը, թե այդ ծախսերը նվազել են շահառուների կրճատման պատճառով, առնվազն հիմնավոր չի համարում և մեկ այլ եզրահանգում է անում. «Բյուջեն որևէ կերպ չի նկատում արտագաղթի խնդիրը»:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը նույնպես մի շարք հարցադրումներ հնչեցրեց, ցուցանիշներ նշեց, որոնք  խմբակցությունը մտահոգիչ է համարում: Ներկայացված փաստաթուղթը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի,  պատկերացում չի տալիս ստեղծվելիք աշխատատեղերի, տնտեսական իրական հնարավորությունների մասին:

«Ելնելով այս ամենից՝  մենք կարծում ենք, որ բյուջեն անբավարար է և չի կարող լուծել անգամ այն խնդիրները, որոնք հնգամյա ծրագրով իր առջև դրել է կառավարությունը»:
Արտաշես Գեղմայնաի հայացքով՝ այս բյուջեն կարևոր առանձնահատկություն ունի:

Չնայած իր համեստ ցուցանիշներին՝ այն նշում  է հնարավոր ռիսկերն ու տալիս դրանց վերլուծությունը:

«Առաջին անգամ է, որ  բյուջեին կից կառավարությունը մանրամասն ներկայացրել է բյուջեի կատարման հնարավոր ռիսկերի վերլուծությունը»:

Սա, ըստ Գեղամյանի, նշանակում է, որ կառավարությունում կա գիտակցում առաջիկա հնարավոր մարտահրավերների վերաբերյալ:
Այն, որ գործադիրն այս անգամ մանրամասն նշել է հնարավոր ռիսկները, դրական է համարում նաև ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը:
Կառավարությունը նշել է ռիսկերը, բայց արդյո՞ք երաշխիքներ տվել է, որ դրանք կառավարելի են: Արծվիկ Մինասյանը կարծում է՝ ոչ և տպավորություն ունի, որ հաջորդ տարվա ընթացքում ցանկացած ձախողում հնարավոր է լինելու բարդել հենց նշված ռիսկերի վրա:

Ընդհանրապես՝ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի թիվ 1 մարտահրավերը աշխատատեղերի բացակայությունն է և, ըստ պաշտոնականան վիճակագրության, 20 տոկոսը գերազանցող գործազրկությունը: Բյուջեն, ըստ Մինասյանի, գործազրկության խնդրին լուոծում չի տալիս:

«Չնայած նախընտրական տարուն՝ 2013թ. բյուջեն նախընտրական չէ և չունի  պոպուլիզմի, դեմագոգիայի  էլեմենտներ՝ իր ելույթում արձանագրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով, սկայան, բյուջետային քննարկումները  զերծ չեն նախընտրական երանգներից:  Ըստ հանարապետական պատգամավորի՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը  իրատեսական և գործողությունների բյուջե է։

Թողնել պատասխան

Back to top button