Հասարակություն

Հաշմանդամներթ պահանջում են, որ իրենց լսեն

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» կամ «Ոչինչ մեզ համար` առանց մեզ»ա. այս կարգախոսով Հայաստանում բնակվող հաշմանդամ մարդիկ պահանջում են ականջալուր լինել իրենց խնդիրներին` իրենց եւս ներգրավելով իրենց իսկ համար իրականացվող ծրագրերին:
Ասվածը կարող է շատերի ականջին տարօրինակ հնչել, սակայն հաշմանդամ մարդիկ այս կարգախոսի համար ունեն իրենց բացատրությունը: Երբ առողջ մարդիկ ծրագրեր են մշակում եւ իրականացնում իրենց համար, այդ ծրագրերը երբեք էլ լիովին կենսունակ չեն լինում:
Որպես ասվածի վառ հետեւանք` նրանք մատնանշում են Հայաստանում թեքահարթակների կարելի է ասել համատարած բացակայությունը: Ֆիզիկական խնդիրներ չունեցող մարդիկ երբեմն էլ նախագծում ու կառուցում են թեքահարթակներ, սակայն այնքան անհարմար, որ դրանց վրայով պատահաբար սայթաքողն էլ հաշմանդամ կարող է դառնալ:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ, «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի ղեկավար Սուրեն Մաղաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց` Հայաստանում հաշմանդամ մարդիկ առաջին հերթին լսելի լինելու խնդիր ունեն։
ԵՄ ֆինանսավորմամբ «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում Հայաստանի չորս մարզերի 19 քաղաքներում հարցում է անցկացվել հաշմանդամություն ունեցող 526 անձանց հետ: «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նախ ընդգծեց, որ հայտնաբերվել են մի շարք անճշտություններ կոնկրետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ցուցակներում: Այդ անճշտությունները կազմել են 30 տոկոս և հիմնականում վերաբերել են դեպքերին, երբ ցուցակում նշված հասցեով հաշմանդամություն ունեցող անձ չի ապրում կամ վաղուց մահացել է:
Հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդիկ ու նրանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եւ ահազանգում են խոցելի խմբերի առջեւ ծառացած խնդիրների մասին: Նրանք ակնկալում են, որ դրանք գոնե աստիճանաբար լսելի կդառնան: Այնինչ եկող տարվա բյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերն էլ դեռեւս առանձնապես լավատեսություն չեն ներշնչում:

Թողնել պատասխան

Back to top button