ԿարևորՀասարակություն

Կիսամերկ աղջիկները`Բրազիլիայում, տոլմայի փառատոնը` Հայաստանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ անցած ինն ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել ժամանել 603 074 զբոսաշրջիկ: 2011թ նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն է այսօր զբոսաշրջության ոլորտի հաջողություններից ու զարգացման հնարավորություններից խոսել: Ճիշտ այնպես, ինչպես Բրազիլիայում կազմակերպվող ամենամյա դիմակահանդեսների ժամանակ կիսամերկ աղջիկներն են զբոսաշրջիկների ավելացման պատճառ դառնում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվող տոլմայի, գինու ու խորովածի փառատոններն են երկիրն ավելի գրավիչ դարձնում: «Մենք հպարտությամբ ենք ասում, որ դեպի Աջարիա ունենք տուրիստական այցելությունների աճ: Բայց մենք ունենք նաև աճ ներքին տուրիզմում: 13-14 տոկոսով աճել են տուրիստական այցելությունները Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, որը քիչ չի»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Մեր երկրի կառավարության գերակա ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է, ու մինչ տեղացիներն անընդհատ դժգոհում են հայկական տուրիզմի բարձր գներից, ոլորտի պատասխանատուները միաձայն պնդում են, որ Հայաստանում ներգնա և արտագնա տուրիզմն իսկապես զարգանում է, նախորդ տարիների նկատմամբ աճն ավելի քան ակնհայտ է: Թվային արտահայտությամբ, այս տարվա անցած ինն ամսիների ընթացքում Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ: 2011թ նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով:
Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ողջունում է այն, որ մեր երկրում ձևավորվել է միջին խավ, որն իր ընտանեկան հանգիստը գերադասում է անցկացնել Աջարիայի հանրապետությունում. «Մենք աճ ունենք նաև արտագնա տուրիզմի մասով, մենք պետք է միայն ողջունենք և ուրախանանք, որ մեր ազգաբնակչության միջին խավը գնալով դառնում է ավելի վճարունակ և կարողանում է իր հանգիստը կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի տարածքից դուրս: Մենք հպարտությամբ ենք ասում, որ դեպի Աջարիա ունենք տուրիստական այցելությունների աճ: Բայց մենք ունենք նաև աճ ներքին տուրիզմում: Դա չի նշանակում, որ սկսում են գնալ դուրս ի հաշիվ ներսի, 13-14 տոկոսով աճել են տուրիստական այցելությունները Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, որը քիչ չի: Մենք ունենք մի քիչ ավելի աճ՝ շուրջ 15-16 տոկոս աճ դեպի Աջարիա»:

Ոլորտի պաշտոնյան, ով երկար տարիներ է, ինչ զբոսաշրջությամբ է զբաղվում, ասում է, որ ամեն մեկն ով դուրս է գալիս երկրից, դառնում է տվյալ երկրի անուղղակի գովազդը, պատմում է իր երկրի մասին, խոսում դրա առանձնահատկություններից՝ այսպիսով, հետաքրքրություն առաջացնում օտարերկրացիների մոտ, նրանք ցանկություն են հայտնում այցելել Հայաստան: Փոխնախարարն ասում է, որ պետք չէ հայկական տուրիզմի առանձանհատկությունները համեմատել այլ երկրների տուրիստական գրավչությունների հետ. «Երբեմն ինձ հարցնում են՝ ինչու չեն գնում Սևան, գնում են ծով: Դրանք լրիվ տարբեր էկոհամակարգեր են, լրիվ տարբեր առողջարարական հնարավորություններ ունեն, դրանք լրիվ տարբեր բնակլիմայական հնարավորություններ ունեն: Եվ վերջապես հասկանում ենք, որ ծովի մոտ վերականգնվելը, հանգստանալն ունի շատ դրական ազդեցություն»:

Ներքին տուրիզմի աճը Արա Պետրոսյանը կապում է նաև սոցիալական փաթեթի ներդրման հետ: Այս ինստիտուտի ներդրմամբ շուրջ տասը հազար մարդ է այս տարի իր հանգիստը կազմակերպել Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը ինտելեկտուալ տուրիազմի բավարարման երկիր է, հիմնականում մեր երկիր են այցելում ինտելեկտուալները, ծանոթ են Հայաստանի պատմամշակութային արժեքների հետ, գալիս են դրանք սեթական աչքով տեսնելու նպատակով: Այդուհանդերձ, ինտելեկտուալ զբոսաշրջիկները բազմազանության են ձգտում: Հենց սրանով էլ պայմանավորված տեղական նշանակության փառատոների կազմակրեպումն ու անցկացումն է զագանում Հայաստանում՝ պետություն- մասնավոր հատված համագործակցության շնորհիվ: Տոլմայի, խորովածի, գինու փառատոնների կազմակերպումները նույնպես նպաստել են, որ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել,- ասում է փոխնախարարն ու չի կիսում նրանց կարծիքները, ովքեր մամուլում բացասական են խոսում թվարկածս փառատոների մասին.«Էդ նույն լրատվամիջոցները, որոնք բացասական են վերաբերվում, երբ որ պետությունն աջակցում է նման փառատոններին, մեկ էլ կտեսնես շատ դրական են գրում, երբ որ Բրազիլիայում կիսամերկ կամ մերկ աղջիկները ինչ-որ փառատոնի պարում են: Մենք մոնիտորինգ ենք արել, ամեն տարի շուրջ 30-40 տոկոսով այդ փառատոնների ավելանում են տուրիստական խմբերի մասնակցությունը»:
2013թ Պետական աջակցությամբ առաջին անգամ Գյումրիում անցկացվելու է արհեստների ու արվեստների փառատոն, որի միջոցով Հայաստանի երկրորդ քաղաքին տուրիստակական գրավչություն է հաղորդվելու:

Թողնել պատասխան

Back to top button