Վերլուծական

Առանց սկզբունքների շուրջ համաձայնության հնարավոր չէ պայմանավորվել խաղաղ համաձայնության հարցում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ինչ զարգացումներ են հնարավոր ղարաբաղյան խնդրի կարգավորման գործըթացում, որքանով է ընդհանրապես հնարավոր տեղաշարժ ամռան վերջին օրը տեղի ունեցած իրադարձությունից հետո, խոսքը մարդասպան ոճրագործին ազատ արձակելու, նրան հանցագործության համար հերոսացնելու Բաքվի գործելաոճի մասին է:
«Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանը հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում»:
Պաշտոնական Երևանը տուրք չտալով Բաքվի սադրանքներին՝ այնուամենայնիվ որոշեց շարունակել ղարաբաղյան խնդրով բանակցությունները: Ու ինչ ենք արձանագրում հայկական կողմի խաղաղասիրական քայլից հետո:
Հոկտեմբերի վերջին Փարիզում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո գրեթե չպարզաբանվեց, թե ինչն են քննարկել արտգործնախարարները։

Սա պարզապես քայլ էր, ցույց տալու համար, որ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է:  Սակայն խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու հայկական կողմի ջանքերն ինչպես պարզվում է չի ընդունվում ագրեսիվորեն տրամադրված Ադրբեջանի կողմից:

Փարիզում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանը հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում»: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Փարիզում կայացած հանդիպումը պետք է ցուցադրեր խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի շրջանակներում:
«Այդուհանդերձ, այդ հանդիպումը նոր հույսեր չտվեց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Բաքուն հրաժարվում է ընդունել միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները որպես բանակցությունների անցկացման հիմք: Հակառակը՝ Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ կարելի է միանգամից պայմանավորվել խաղաղ համաձայնության մասին՝ չպայմանավորվելով հիմնարար սկզբունքների շուրջ:

«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն, եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք ընդունելի են բոլորի համար»,- ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի պարզաբանմամբ՝ Բաքվի ցանկությունն ապակառուցողական անհեթեթություն է, քանի որ առանց սկզբունքների շուրջ համաձայնության հնարավոր չէ պայմանավորվել խաղաղ համաձայնության հարցում։ Այս կերպ Բաքուն փորձում է խոչընդոտել խնդրի խաղաղ կարգավորմանը, պարզաբանեց Կարեն Բեքարյանը։
Սերժ Սարգսյանը «Ֆիգարոյին» տված հարցազրույցում նշել էր, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք փառաբանում են հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին, Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս անել հնարավորը՝ ղարաբաղյան խնդրում խաղաղ կարգավորման հասնելու համար:

Տեղեկացնենք, որ այս ամիս սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան և ինչպես հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում պահպանում է իր ակտիվությունը:

Դեսպանը, «Թրենդի» տեղեկացմամբ, նշել էր, որ միջնորդները կքննարկեն այն քայլերը, որոնք կարող են օգնել ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար։ «Մենք հույս ունենք, որ առաջընթաց կարձանագրվի»,-ասել է նա։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը խոսելով միջնորդների տարածաշրջան կատարելիք այցի մասին ասաց, որ կփորձեն խաղաղություն պահպանել, նաև մետեցնել կողմերի մոտեցումները։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ ինչպես բազմիցս նշել են միջնորդները, խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի երեք սկզբունքների` ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման հիման վրա:

Թողնել պատասխան

Back to top button