Հասարակություն

Մյուս ամիս կստորագրվի ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Դեկտեմբերին ՀՀ և ԵՄ կստրորագրեն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Դա նոր էջ կբացի հայ-եվրոպական հարաբերություններում և փոխադարձ շփումներում, հարցում համակարծիք են ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի դիվանագետները:

Այսօր ելույթ ունենալով Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրերի  դյուրացման վերաբերյալ սեմինարում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիստեան հիշեցրեց, որ 8- ամսյա բանակցությունների արդյունքում  այս համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է հոկտեմբերի 18-ին Բրյուսելում:

«ԵՄն և Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիություն և անկասկած կբարելավի համագործակցությունը ԵՄի և Հայաստանի միջև»,- ասաց նա:

Անդրադառնալով համաձայնագրին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը կարևորեց այն ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում` նշելով, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի ժողովուրդների միջև շփումների ակտիվացման համար:

Նախատեսվում է, որ ԵՄ երկրներ կարճաժամկետ մուտքի արտոնագրերը այսուհետ կարժենան 35 եվրո` ներկայիս 60 եվրոյի դիմաց, իսկ բնակչության որոշ խմբերին այն կտրամադրվի անվճար: Դրանք լրագրողներն են, ուսանողները, մշակույթի,  արվեստի և սպորտի ոլորտում փորձի փոխանակման շրջանակներում ճանապարհորդող  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև առողջական նկատառումներով ճանապարհորդող անձինք։

Բազմակի այցելության շենգենյան վիզաները կտրվեն 5 տարի ժամկետով: Դիվանագետը նշեց, որ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրներ:

Թեպետ համաձայնագիրը կվավերացվի միայն գալիք տարվա առաջին կեսին, Հայաստանի կառավարությունը արդեն իսկ իր որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից սահմանել է ԵՄ երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց մուտքի արտոնագրերի այցելելու կարգ:

Անդրադառնալով հետընդունման հետ կապված հարցերին՝ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ համապատասխան համաձայնագրի գործողության մեջ մտնելը չի հանգեցնի մեր հայրենակիցների զանգվածային վերադարձի եվրոպական երկրներից:

Ըստ պաշտոնյայի, Հայաստանը 2003 թվականից ի վեր արդեն կնքել է ռեադմիսիային համաձայնագրեր 14 երկրների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց, որ համաձայնագրի վավերականացումը Բրյուսելում չեն կապում փետրվարին անցկացվելիք Հայաստանի նախագահի հերթական ընտրությունների ընթացքի հետ: Այսինքն՝ շենգենյան արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցում հետընթաց քայլեր չի ակնկալվում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button