ԿարևորՔաղաքական

Սաֆրաստյան.«Օբամայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ-ն, փաստորեն, ունի ոչ թե նոր, այլ` հին նախագահ: Այդուամենայնիվ, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի կիսում այն տեսակետները, թե ԱՄՆ-ի քաղաքականությունը չի ենթակվի փոփոխության: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Սաֆրաստյանը նկատել է, որ մեր տարածաշրջանը գտնվում է արագ փոփոխությունների փուլում, որի ռիթմը, ընթացքն ու վերջնական արդյունքները դեռեւս ոչ մեկի համար պարզ չեն: Նրա գնահատմամբ` այդ առումով էլ Օբամայի արտաքին  քաղաքականությունը պայմանավորված կլինի զուտ տարածաշրջանային զարգացումներով:

ԱՄՆ-ն կունենա նոր պետքարտուղար: Սրանով էլ պայմանավորված կլինի գերտերության նոր արտաքին տարածաշրջանային քաղաքականությունը` կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ մեր տարածաշրջանին Օբամայի պաշտոնավարման առաջին շրջանում բավականին մեծ ուշադրություն է դարձվել, սակայն, նա չի կարծում, որ այդ ակտիվությունը կպահպանվի: Հարավային կովկասը կլինի ոչ կարեւոր ուղղություն, փոխարենը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում կլինեն Սիրիան եւ Իրանը: Հենց այս երկու կետերի զարգացումները կազդեն Հարավային Կովկասում ամերիկյան մոտեցումների վրա:

ԼՂ հակամարտության առնչությամբ, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Օբամայի առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն դիրքերը զիջել էր Ռուսաստանին: «Մենք ականատես էինք ռուսական նախաձեռնություններին, որոնք ընդունվում էին Ամերիկայի կողմից»:

Ըստ բանախոսի` Օբամայի պաշտոնավարման առաջին շրջանում նաեւ Թուրքիայի տարածաշրջանային դերը  կտրուկ աճեց,  հետևաբար վերջինս կփորձի որոշ չափով օգտագործել դա: Այս առումով, Սաֆրաստյանի ձեւակերպմամբ, եթե պետք չէ սպասել ԱՄՆ սկզբունքների մեջ փոփոխություն, ապա որոշակի ակտիվություն` նոր նախաձեռնություններ ԱՄՆ-ն կցուցաբերի` Մադրիդյան սկզբունքների  շրջանակում:
Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նկատեց նաեւ, որ ոչ Օբաման, ոչ Ռոմնին հայկական համայնքին չհանդիպեցին ու խոստումներ չտվեցին: Սա, ըստ նրա պայմանավորված էր հենց նրանով, որ Թուրքայի դերն ավելի է մեծացել այս շրջանում: Խոսելով հարցի մասին, որ հայկական համայնքի 80%-ը ընտրել է Օբամային` բանախոսը կարծիք հայտնեց, թե դրա պատճառն այն է, որ հայկական համայնքը ավանդաբար դեմոկրատներին է կողմ եղել: Բացի դա` Օբաման  արտասանել էր «Մեծ եղեռն» տերմինը, ինչը հույս է տալիս հայերին, որ հայկական հարցում կլինի առաջընթաց գոնե այս փուլում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախաձեռնություններին` Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն շահագրգիռ է այդ հարցում եւ այդ մոտեցումը ձեւավորվել է դեռեւս 90-ականների սկզբներին: Այս մոտեցումը գերտերությունը պարբերաբար հիշեցնում է կողմերին եւ այդ առումով, ըստ բանախոսի, հայ-թուրքական բանակցային գործընթացը ԱՄՆ նոր պետքարտուղարը փորձելու է վերակենդանացնել, ակտիվացնել: Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց նաեւ, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նոր պետքարտուղարը` կունենա արդյոք հատուկ հետաքրքրություն այս հարցի նկատմամբ, ինչպես Հիլարի Քլինթոնը: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, ԱՄՆ-ն շահագրգռված է դրանում եւ խնդիրն այն է, թե արդյոք լրացուցիչ ջանքեր կգործադրվեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button