

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:
Մենք, իրոք, կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից
Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:
Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:
Ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար: Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած և ես գիտեմ, թե որքան ուշադիր և ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ: Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500.000 հայ և այդ հայերից շատ-շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ճաշ, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ: