Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ներկայացել է ոստիկանություն


Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այսօր կամովին ներկայացել է ոստիկանություն: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Ս. Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող ,Հրաշքների աշխարհե սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Վիճաբանությանը, ըստ նախաքննության տվյալների, մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ: Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: