Հասարակություն

Ինչպիսին է հայ երիտասարդը. այսօր Երիտասարդների միջազգային օրն է (ֆոտոշարք)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Նոյեմբերի 10-ը երիտասարդների միջազգային օրն է: Այն նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում, սակայն, այդ օրն առանձնապես շուքով չի նշվում: Ավելին՝ «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ մեր երիտասարդներից շատերն անգամ չգիտեն էլ, որ այսօր իրենց տոնն է։
Եթե որոշ երիտասարդներ անգամ լսել են, որ տարվա մեջ նման մի տոն կա, ապա առանձնապես տոնել այն չեն պատրաստվում։

«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց» եւ «2013-2017 թվականների ռազամավարոթյունը» պատրաստելու նպատակով իրականացված հետազոտությունները պարզել են որոշ՝ բոլորի համար շատ ակնհայտ, միաժամանակ նաեւ անսպասելի մանրամասներ։

ԱՎԾ տվյալներով` Հայաստանում 18-30 տարեկան բնակչության քանակը շուրջ 749 հազար է: Նրանց մեջ ուսանողները 14.45 տոկոս են կազմում: Հայաստանում երիտասարդության ամենագլխավոր հիմնախնդիրները կրթությունն ու  զբաղվածությունն են։
Հայ երիտասարդության 82 տոկոսը հայոց լեզուն վտանգված ու աղավաղված է համարում հատկապես եթերում:

Երիտասարդների 41 տոկոսն է ամուսնացած, իսկ դեռ ամուսնացած չլինելու թիվ մեկ պատճառը սոցիալական խնդիրներն են: Հայ երիտասարդության մեջ ամուսնալուծության հակված են ավելի շատ կանայք, քան՝ տղամարդիկ: Ընդ որում` հարցված հայ կանանց առավել մեծ մասը պատրաստ է ամուսնալուծվել ավելի շատ ինչ-ինչ գենետիկ հիվանդությունների առկայության, քան դավաճանությունների ու ալկոհոլից կախվածության պատճառով:
Չնայած հայերն աշխարհի ամենաշատը ծխող ազգերից մեկն է, բայց պարզվում է, որ մեր երիտասարդությունը խստորեն դատապարտում է ծխելը: Ուշագրավ է, որ մեր երիտասարդներն ամենաշատը գերադասում են աշխատել պետական կառավարման մարմիններում:
Հայ երիտասարդները առանձնահատուկ են մոտենում նաեւ սեփական բիզնես սկսելուն: Նրանց ճնշող մեծամասնությունը նախընտրում է գործ սկսել իր հարազատների հետ եւ ոչ թե բիզնեսից լավ հասկացող մարդկանց:
Հայ երիտասարդները գեղարվեստական գիրք քիչ են կարդում, դպրոցում ստացված գիտելիքին փոքր արժեք են վերապահում, շատ են երազում արտասահմանում սովորելու մասին:
Նրանք լուրջ չեն վերաբերվում բազմաթիվ ու բազմապիսի հասարակական կազմակերոպւթյուններին ու չեն վստահում հասարակական կյանքում փոփոխություն մտցնելու դրանց առաքելությանը: Փոխարենը՝ խիստ մեծ դեր են վերապահում հայ եկեղեցուն ու մեծ վստահությամբ վերաբերում հայկական բանակին:
Նուն ուսումնասիորւթունների համաձայն` հայ երիտասարդները նաեւ շատ քաղաքականացված են: Նրանց ավելի քան կեսը խիստ հետաքրքրված է քաղաքականությամբ, մոտ 60 տոկոսն էլ իր իսկ համար հստակեցրել է իր քաղաքական դիրորոշումները:
Ժամանցի վայրերից բարերն ու սրճարանները գերադասում են թանգարաններից, պատկերասրահներից, թատրոնից։

Թողնել պատասխան

Back to top button