ԿարևորՄշակույթ

Թատրոնը կվերանորոգվի տնօրենը փոխվելուց հետո՞

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը երկար ժամանակ արդեն վթարային վիճակում է: Այստեղ պետք է կատարել ոչ միայն վերանորգման, այլև շենքի ամրակայման աշխատանքներ։ Ներկայացումներ այս պահին թատրոնում չկան, սակայն դերասանները հյուրախաղերով լինում են Վրաստանի տարբեր շրջանններում:

«Լինում ենք հատկապես Սամցխե -Ջավախեթիում. հայաշատ գյուղ չի մնացել, որ չլինենք: Այնպես որ՝ թատրոնը գործում է, սակայն որքան շուտ վերանորգվի թատրոնը, այնքան ավելի մեծ հաջողություններ կունենա»,- ասում է Թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը։

Տնօրենն ասում է, որ այժմ պետք է դիմեն նոր կառավարությանը, որպեսզի հանձն առնի թատրոնի վերանորգումը:
Ինչպես «Ռադիոլուրին» հայտնեց նոր կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության անդամներից Գոգա Էլիբեկովը, վարչապետ տեղյակ է թատրոնի խնդրին և պատրաստ է գումարներ հատկացնել թատրոնի վերանորգման համար, սակայն Էլիբեկովը վստահ է, որ դա կլինի միայն թատրոնի տնօրենի փոփոխության դեպքում։
Ի դեպ՝ նշեմ, որ մինչ քաղաքականություն մտնելը միլիարդատեր Իվանիշվիլին բազմաթիվ մշակութային օջախների թվում գումարներ էր հատկացնում նաև հայկական թատրոնին։։

Այսօր շատերի ուշադրությունը ոչ թատրոնի վերանորգման, այլ նրա ղեկավար կազմը փոխելու շուրջ ընթացող իրադարձություններն են: Համայնքի մի շարք ներկայացուցիչներ նման հարց են բարձրացնում։
Արմեն Բայանդուրյանն ասում է, որ թատրոնի խնդրով չեն կարող զբաղվել այնպիսի մարդիկ, ովքեր թատրոնից հեռու են և բացի այդ՝ թատրոնը պատկանում է Վրաստանի մշակույթի նախարարությանը։

«Մենք միշտ պետք է մտածենք, որ թատրոնն ու քաղաքականությունը տարբեր բաներ են»,- ասում է նա։
Նշեմ, որ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը 156 տարվա պատմություն ունի: Այն աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է, որ գործում է Հայաստանի սահմաններից դուրս։ Այս թատրոնում խաղացել են այնպիսի տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են Պետրոս Ադամյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և այլք։
Արմեն Բայանդուրյանը ավելի քան 10 տարի է, որ ղեկավարում է Թբիլիսի հայակական թատրոնը և համոզված է, որ այս թատրոնը վերջակետ չի ունենալու։

Թողնել պատասխան

Back to top button