ԿարևորՏնտեսական

Փոխվարչապետը Հայաստան է հրավիրում քուրդ ներդրողներին

Ներդրումային, առեւտրի եւ զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները քննարկվեցին այսօր Էրբիլում կայացած ՀՀ փոխվարչապետ, տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ Իրաքյան Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի նախագահ Հերիշ Մուհարամ Մուհամադի հանդիպմանը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց Քուրդիստանում իրականացվող ծրագրերը, գործարար եւ ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ ներդրողների համար նախատեսված արտոնությունները:

Քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, գործարար կապերի, ոլորտին աջակցող կառույցների միջեւ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարեւորվեց գործարար եւ ներդրումային դաշտի վերաբերյալ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակումը: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին:

Փոխվարչապետը նկատեց, որ քուրդ գործարարները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում, ինչը նաեւ հնարավորություն կընձեռի դուրս գալ այլ երկրների շուկաներ:

Երկուստեք կարեւորվեց Զարգացման հայկական գործակալության եւ Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի միջեւ համագործակցության հաստատումը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաեւ Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադիի հետ: Նահանգապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին տարիներին նահանգում եւ Էրբիլ քաղաքում իրականացվող պետական ծրագրերի, նահանգի զարգացման հեռանկարային ուղղությունների, ինչպես նաեւ տարածքային կառավարման համակարգի մասին:

Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականության, տարածքային կառավարման համակարգի գործունեության սկզբունքների մասին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության հնարավորությունները:

Ավարտելով աշխատանքային այցը Իրաքի Հանրապետություն`փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:

Թողնել պատասխան

Back to top button