Տնտեսական

Ստուգումները տնտեսվարողների մոտ պետք է լինեն հիմնավորված

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում տնտեսվարողների մոտ համատարած տեսչական ստուգումներն աստիճանաբար պետք է փոխարինվեն ռիսկերի վրա հիմնված ստուգումներով: Տեսուչների այցերը տնտեսվարողների մոտ պետք է լինեն ավելի սահմանափակ, սակայն առավել արդյունավետ: Դրան են միտված ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Եվրամիության փորձագետների համատեղ ջանքերը, որոնք ձեռնարկվում են ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
Այս ծրագրի շրջանակներում Եվրոպայից ժամանած 34 փորձագետներ արդեն իրենց մասնակցությունն են բերել Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Շուկայի վերահսկողության պետական տեսչության իրականացված ստուգումներին, ինչպես նաև նոր օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը:
Տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանն ընդգծում է, որ այդպիսով արդեն կատարվել է առաջին քայլը` տնտեսվարող սուբյեկտներին այժմ չի կարող ստուգել ցանկացած տեսուչ:
«Ստուգումները տնտեսվարողների մոտ պետք է լինեն հիմնավորված»,- ընդգծեց Լեւոն Խալիկյանը` մանրամասնելով` ստուգումներն իրականացվելու են բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերում:
Բարձր ռիսկայնության խմբում ստուգումները կիրականացվեն տարին մեկ անգամ, միջինում՝ երեք տարին մեկ, իսկ ցածրում՝ հինգ տարին մեկ անգամ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ` սպառողների պաշտպանության խնդիրը միշտ էլ եղել է, իսկ այսօր առավել արդիական է: Այդ ուղղությամբ քայլերը համահունչ են այն բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական ինտեգրմանը եվրոպական համակարգերին, մասնավորապես՝ որակի վերահսկողության համակարգերինե։
Նախարարի խոսքերով՝ նախատեսվում է առաջիկա տարիներին որակի վերահսկողության համակարգն ամբողջությամբ բարեփոխել : Ըստ նրա՝ 1 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին։
Իսկ մինչ բարեփոխումներն իրենց խոսքը կասեն, Շուկայի վերահսկողության պետական տեսչությունում շարունակում է գործել թեժ գիծ` 23 56 00 հեռախոսահամարով, որով խոստանում են լսել սպառողների բողոքներն ու դժգոհություններն այս կամ այն ոլորտում առկա խախտումների մասին։

Թողնել պատասխան

Back to top button