ԿարևորՀասարակություն

Թուրքիայում քուրդ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու հարձակումներ շարունակվում են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում քուրդ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու հարձակումներ շարունակվում են: Դրանք հատկապես զանգվածային բնույթ են կրում սկսած 2009 թվականից, երբ կալանավորվեցին քուրդ պաշտոնյաներ, մտավորականության տարբեր ոլորտի ներկակայուցիչներ` գրողներ, նկարիչներ, լրագրողներ, ինչպես նաև կանայք ու երեխաներ: Նրանց բոլորին միավորում է մարդկային և ազգային իրավունքների պաշտպանության համատեղ պայքարը և նրանք բոլորը շարունակում են բանտերում փակված մնալ` առանց դատի և անորոշ ճակատագրով: Իրենց պայքարն առավել արտահայտիչ դարձնելու նպատակով սեպտեմբերի 12-ին Թուրքիայի կալանավայրերում մոտ 70 քաղբանտարկյալներ միաժամանակ հայտարարեցին անժամկետ հացադուլ: Անցել է 59 օր: Հացադուլավորները պահանջում են կարճ ժամկետում ազատություն տալ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով արդեն 1.5 տարի է, ինչ խստիվ մեկուսացված է: Պահանջում են նաև դադարեցնել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը քուրդ ժողովրդի մայրենի լեզվի նկատմամբ: Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովի խոսքով`հացադուլը չի դադարելու մինչև այս պահանջները չկատարվեն:

Մինչ քաղբանտարկյալները շարունակում են անժամկետ հացադուլը, թուրքական իշխանություններն արձագանքում են բացառապես անտարբերությամբ ու առհամարհանքով, հավելեց Կնյազ Հասանովը: Սա է պատճառը, որ Հայաստանի քուրդ կանանց խորհրդարանն այսօր հերթական անգամ իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ Թուրքիայի պետական քաղաքականության` կոչ անելով միջազգային կազմակերպություններին, հատկապես` ՄԱԿ-ին, հավատարիմ լինել սեփական լիազորություններին և հետ պահել Թուրքիային քուրդ ժողովրդի նկատմամբ հակաօրինական գործողություններից:

Հայաստանում բնակվող քրդերը շարունակում են ակտիվորեն հետևել ակցիային: Պարզապես նրանց համար անհասկանալի է միջազգային կազմակերպությունների քաղաքական կեցվածքն ու մոտեցումները:

Թողնել պատասխան

Back to top button