ԿարևորՔաղաքական

Դավիթ Ջամալյան.ԵԱՀԿ-ն պետք է մեխանիզմներ ունենա, որ զսպի Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ցանկալի կլիներ, որ ԵԱՀԿ սահմանային դիտարկումները հանգեցնեին լարվածության թուլացմանը, սակայն, պետք է արձանագրել, որ պետական սահմանի առաջնային գծում արդիական է մնում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու խնդիրը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից անցկացվող դիտարկումներին: Ռազմական փորձագետը նկատել է, որ ԵԱՀԿ-ն պետք է մեխանիզմներ ունենա, որ զսպի Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիան: Մեր պետությունն այդ մեխանիզմներն ունի եւ դա մեր զինված ուժերն են` շեշտել է ռազմական փորձագետը:

Երբ կան բանակցություններ, ապա, բնական է, որ միայն կոպիտ ռազմական ուժն անբավարար է: Այն իմաստով, որ պայմանավորվածությունները հարգվում են, երբ հիմնվում են շատ հստակ մեխանիզմների վրա եւ սա հուշում է միջազգային դիվանագիտական պրակտիկան` ասաց ռազմական փորձագետը: Դավիթ Ջամալյանի խոսքով` երբ հայկական կողմը գործընկերներին ընկալում է որպես վստահելի, ապա` վերջիններս պիտի փորձեն արդարացնել այդ վստահությունը:Հենց զինված ուժերի մարտունակության շնորհիվ էլ թշնամին խոսքից գործի չի անցնում ու էլ ավելի սանձարձակ չի դառնում` համոզմունք հայտնեց ռազմական փորձագետը: Ամփոփելով` Դավիթ Ջամալյանը նշեց, որ շփման գծի դիտարկումները չպետք է կրեն ձեւական բնույթ, այլ` պիտի հստակորեն ամրագրված լինեն միջազգային մեխանիզմներով, որոնք կզսպեն Ադրբեջանի ռազմական ագրեսին:

Անդրադառնալով Արցախի ճանաչմանն առնչվող հարցին` ռազմական փորձագետը նկատեց, որ այն հակամարտությունները, որոնց հիմքում ինքնորոշման իրավունքի ճանաչման իրավունքն է, արագ չեն կարգավորվում եւ պետք է այդ առումով իրատես լինել: Նա հավելեց նաեւ, որ արհեստականորեն ձեւավորված պետությունների քայքայումից հետո, սովորաբար, գաղութարար նկրտումներ ունեցող ազգերը համակերպվել են իրենց կորուստների հետ` ի վերջո ճանաչելով անկախ լինելը: Այլ է Ադրբեջանի պարագայում: Անցած 18 տարիներին ադրբեջանական քարոզչությունն արել է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը չհամակերպվի պատմական օրինաչափության հետ: Նման պարագայում` արագ կարգավորում ակնկալելն անիմաստ է` ասում է ռազմական փորձագետը: Նման հակամարտության կարգավորման սցենարը մեկն է` նախկին գաղութարար ազգը պետք է համակերպվի, որ այլեւս իշխանություն չունի նախկինում նվաճված ազգի հանդեպ: Փորձագետի գնահատմամբ` պատերազմ չի վերսկսվի, եթե նույնիսկ ՀՀ խորհրդարանը ճանաչի Արցախի անկախությունը: Պատերազմի վերսկսումը, ըստ նրա, հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի ներուժն առավել լինի Հայաստանի ռազմական ներուժից:

Ռազմական փորձագետի խոսքով` Հայաստանը պետք է ամրապնդի արցախյան պետականությունը: Ըստ նրա` մեզ համար գլխավորը Արցախը հայապատկան պահելն է: Ռազմական փորձագետը կարծում է, որ այս պահին նաեւ կարևոր է ընդգծել Արցախի դերը որպես սուբյեկտի, նրա տարածքային ամբողջականության խնդիրը: Ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը. ռազմական փորձագետի կարծիքով` պետք է ավելի նախաձեռնող լինել: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցին` ռազմական փորձագետը համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ այն շահագործվելու է: Նրա խոսքով` օդանավակայանի շահագործումը քաղաքական ենթատեքստ է պարունակում եւ այն Արցախն ավելի ընկալելի կդարձնի աշխարհի համար:

Թողնել պատասխան

Back to top button