Տնտեսական

ՆԱՍԴԱՔ- ը վարկային ռեսուրսների հարթակ է գործարկում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան» այսօր հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին։  Նոր հարթակում կկկնքվեն 7 օր ժամկետայնությամբ միջբանկային գործարքներ։ 2013- ին նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկային ռեսուրսներով` շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ:
Սա գնահատվում է որպես եւս մեկ կարեւոր քայլ բորսայական ծառայությունների ընդլայնման ուղղությամբ: Ամենալուրջ սպասելիքն այս հարթակից այն է, որ այն կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար եւ թափանցիկ գնագոյացմանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը սա որակում է որպես բացառիկ գործիք, որը ավելի զարգացած շատ բորսաներում չի կիրառվում, իսկ մեզ մոտ դրա ներդրումը նրան հպարտանալու լուրջ առիթ է տալիս։
Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը, փաստորեն, միջբանկային գործարքների համար է: Այս հարթակում առուվաճառքի առարկան վարկային միջոցներն են: Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առեւտրին մասնակցելու են ՀՀ առեւտրային բանկերը:
Առեւտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր: Նստաշրջանի փակմանը հաջորդող 10 րոպեի ընթացքում կանցկացվի հետառեւտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել եւ ստանալ տվյալ առեւտրային օրվա ընթացքում ձեւավորված միջին կշռված տոկոսադրույքով:

 

Թողնել պատասխան

Back to top button