ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան հարցն ու Սաֆարովի հերոսացումը՝ բուռն քննարկման թեմա՝ լորդերի պալատում

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում նոյեմբերի 6-ին ներկայացվել են Անգլիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Հարավային Կովկասում, ինչի արդյունքում երկար և բուռն քննարկում է ծավալվել: Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի խորհրդարանի պաշտոնական կայքից, Ադրբեջան այցելած Լորդ Լեյրդը հայտարարել է, որ տարածաշրջանում «մի մեծ մութ ամպ» է կախված և դա Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտությունն է: Նա նկատել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինվորների մահեր են գրանցվում, իսկ վերջերս Ադրբեջանի ղեկավարության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն էլ ավելի է մեծացրել լարվածությունը կողմերի միջև:

Լորդ Լեյրդն ասել է նաև, որ հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ հաջողությունների չի հասել, և հենց այս պարագայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը ինչ-որ բան պետք է մտածի: Այնուհետև Լեյրդին է միացել նաև Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավարն է: Նա ասել է, որ 78 անգամ այցելել է Հայաստան, ինչպես նաև Ղարաբաղ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը:

Բարոնուհին մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը հերոսացրել է հայ զինվորին սպանած Սաֆարովին և Լորդերի պալատում Անգլիայի կառավարությունը ներկայացնող նախարարին հարցրել. «Հնարավո՞ր է արդյոք իմանալ՝ ի՞նչ է արել մեր կառավարությունը՝ մարդասպանին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի քայլերի առնչությամբ»: Պատասխանելով Քերոլայն Քոքսի դիտարկումներին, նախարար Ուիլյամ Ուոլեսն ընդունել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «արյունոտ և անկանոն հակամարտությունը» երկու կեղմերից էլ շատ կյանքեր է խլել և նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ ձեռքբերում դեռևս չունի: «Մեծ Բրիտանիան, չլինելով Մինսկի խմբի անդամ, շարունակում է աջակցել Մինսկի գործընթացին, որքան էլ այն դժվար լինի: Մենք չենք կարող ամբողջությամբ ազատվել Մինսկի խմբի անդամ Ռուսաստանից, քանի որ այդ երկիրը գլխավոր դերակատարն է: Այդ պատճառով էլ առանց Ռուսաստանի խումբ ստեղծել, որը կփորձի բանակցություններ վարել, անօգուտ կլինի»,- հայտարարել է նախարար Ուոլեսը: Նկատենք, որ բրիտանացի նախախարը չի պատասխանել կամ խուսափել է պատասխանել Սաֆարովի վերաբերյալ Բարոնուհու հարցին:

Թողնել պատասխան

Back to top button