

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը իր 15-ամյա պատգամավորական աշխատանքի ընթացքում այս տարի առաջին անգամ ականատես է եղել բյուջետային լսումների բարձր մակարդակի: Խոստովանելով լրագրողներին այս մասին՝ նա հույս հայտնեց, որ գալիք քառօրյայի ընթացքում սպասվող քննարկումները նույնպես կանցնեն ակտիվ մթնոլորտում:
Անդրադառնալով բուն «Պետբյուջե-13»- ին՝ պատգամավորը առանձնացրեց նախանշված տնտեսական ցուցանիշները:
«Բավականին բարձր ՀՆԱ-ի աճ նախատեսող և մակրոտնտեսական ցուցանիշների բավականին բարձր կայունություն ապահովող բյուջեի նախագիծ է: Այս տարի ունենալու ենք մոտ 7,1% ՀՆԱ աճ, եկող տարվա համար նախատեսվում է 6,2% աճ»,- ասաց նա:
Գագիկ Մինասյանը գոհունակությամբ նշեց տնտեսական ոլորտում առկա կայունությունը, ինչը հույս է ներշնչում, որ իրատեսորեն կազմված բյուջեն կկատարվի սպասվող ծավալներով:
«Ընթացիկ տարի գնաճն, ըստ ամենայնի, կլինի 4±1.5%, նույնքան էլ նախատեսված է եկող տարվա համար: Անցած տարի միջին գնաճը 7,7% էր, բայց այս տարի, միջին գնաճը 12-ամսյա ցուցանիշից ավելի ցածր կլինի»:
Կառավարության կողմից ներկայացված ֆինանսական փաստաթղթում նախանշված է բյուջեի եկամուտների ավելացում 13%, ծախսերի աճ՝ 10% և պակասորդի նվազում` մինչև ՀՆԱ-ի 2,14%: Պատգամավորը նաև նշեց, որ 2013-ին արտահանման տեմպը կաճի ավելի արագ, քան՝ ներմուծմանը:
Ըստ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի՝ աշխատավարձների և թոշակների մասով եկող տարի թեկուզ չի սպասվում էական աճ, այնուամենայնիվ կառավարության սոցիալական քաղաքականությունում սպասվում են վերանայումներ։
Պատգամավորը նշեց, որ գալիք տարվա բյուջեում էական մասը` մոտ 40 մլրդ դրամ, ավելացել են արտաքին պետական պարտքի սպասարկմանը ուղղվող գումարները: Այս հանգամանքը զգալի ազդել է բյուջեի ցուցանիշների վրա, նշեց նա:
«Այս տարվա վերջին արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 միլիարդ դոլար, եկող տարի այն կհասնի 4 միլիարդի։ Այսինքն` ՀՆԱ-ի նկատմամբ 37 % արտաքին պարտք։ Սա գնահատվում է որպես միջին ցուցանիշ»։