ՄիջազգայինՄշակույթ

Ալեն Դելոնը այսօր նշում է իր ծննդյան 77-ամյակը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը այսօր նշում է իր ծննդյան 77-ամյակը։ Տաղանդաշատ դերասանը լույս աշխարհ է եկել 1935 թ.-ի նոյեմբերի 8-ին՝ ֆրանսիական Սո քաղաքում՝ կինոթատրոնի տիրոջ ընտանիքում։ Երբ լրացել է տղայի 3 տարեկանը, նրա ծնողներն ամուսնալուծվել են, արդյունքում փոքրիկ Ալենը ստիպված է եղել իր մանկությունն անցկացնել դայակի՝ մադամ Ներոյի հետ։ Դպրոցից հետո Դելոնի մայրը որոշում է, որ որդին պետք է երշիկագործ դառնա։ Արդյունքում նա ստանում է համապատասխան դիպլոմ և գործի անցնում տեղի խանութներից մեկում։ 17 տարեկանում Դելոնն արդեն երազում էր օդաչուի մասնագիտության մասին, և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում է բանակում։ Զորացրումից հետո վերադառնում է Փարիզ և ընկերների խորհրդով որոշում է իր ուժերը փորձել կինոյի բնագավառում։ Դելոնի անդրանիկ ֆիլմը ՝ «Երբ խառնվում է կինը», նրան հաջողություն չի բերում։

Ռեժիսորները նրա մեջ ավելի շատ բարետես երիտասարդի են տեսնում, քան տաղանդավոր դերասանի։ Սակայն 1960թ.-ին կինոքննադատները սկսում են հիացմունքով խոսել Դելոնի դերասանական վարպետության մասին, որը նա ցուցադրել էր «Վառ արևի վրա» ֆիլմում։ Այնուհետև հաջորդում են հաջողության տարիները, երբ Դելոնը նկարահանվում է իտալացի ռեժիսորների մոտ, ինչպես նաև Հոլիվուդում։ Հիմնականում նա մարմնավորում էր հանցագործների և կնամոլների կերպարներ։ Ալեն Դելոնն իր ուժերը փորձել է նաև թատրոնում և պրոդյուսերական ոլորտում՝ այստեղ ևս հասնելով լուրջ հաջողությունների։ «Ինձ մոտ 3 բան է լավ ստացվում՝ աշխատանքս, հիմարություններ և երեխաներ»,- իր մասին ասել է հանրահայտ դերասանը։

Թողնել պատասխան

Back to top button