ԿարևորՄշակույթ

Մարզերից պատմության թանգարան տեղափոխված 51 կոթողները Երեւանում կմնան մինչեւ 2016 թ-ը(Ֆոտո)

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այս տարվա սեպտեմբերին կառավարությունն ընդունել էր որոշում, որի համաձայն Հայաստանի տարբեր մարզերից Երևանի պատմության թանգարան են տեղափոխվել մոտ 50 հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, վիշապաքարեր ու տապանաքարեր։ Հուշարձանները մինչև 2016 թվականը կմնան Երևանում։ Կառավարության այս որոշումը հասարակության մեջ բողոքի ալիք էր բարձրացրել, որին այսօր արձագնքել է Երևանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: «Լավ է մեկ անգամ տեսնեք, քան հազար անգամ լսեք» հենց այս նպատակով Երևանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսօր հրավիրել էր պատմության թանգարան, որի բակում այս պահին գտնվում են Հայաստանի տարբեր մարզերից տեղափոխված 51 պատմաճարտարապետական կոթողները։ Անելկա Գրիգորյանը պարզաբանեց, որ ծրագրի հիմնական նպատակը հուշարձաններին երկրորդ կյանք տալն է, քանի որ դրանք անտերության էին մատնված։ Գաղափարը պատմության թանգրանինն էր և ի ուրախություն իրենց, կառավարությունը հաստատեց ծրագիրը։ Վերջինի արդարացված լինելը փաստելու համար Անելկա Գրիգորյանը նախ պատմական էքսկուրս կատարեց:

Պատմության թանգարանի տնօրենը հերյուրանք է համարում այն մեղադրանքը, թե գերեզմաններից հուշարձանները պոկում և բերում են Երևան։ «Գերեզմաններից որևէ հուշարձան չի տեղափոխվել»,-վստահեցնում է թանգարանի տնօրենը։ Ընդդիմախոսները դժգոհել էին նաև սրբավայրերեից սրբությունները հանելու և տեղափոխելու առիթով։ «Եթե սրբությունը նման անմխիթար վիճակում է և սա է այն փրկելու միակ ճանապարհը, համաձայն եմ՝ մենք սրբապիղծ ենք, քանի որ որոշել ենք այդ սրբություններն իրենց նախկին տեսքին բերել»,-ասում է Անելկա Գրիգորյանը։ Նրա տեղեկացմամբ 2013-ի հունվարին Հայաստանի պատմության թանգարնի բաց սյունասրահում կբացվի «Քարերը ժոողվելու ժամանակը» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոչ միայն հուշարձանապատկան բեկորներ և պատմաճարտարարպետական կոթողներ, այլև մարզերի մշակութային ընդհանուր պատկերը ներկայացնող մեծադիր լուսանկարներ և նկարազարդ բացատրագրեր։

Ներկայումս թանգարանի տարածք տեղափոխված 51 կոթողները մաքրվում են, ամրակայվում և վերականգնվում։ Տնօրենի տեղեկացմամբ հուշարձանները Երևանում կմնան մինչև 2016 թվականը, ապա կվերադարձվեն այնտեղ, որտեղից բերվել են։ Սա կառավարության հանձնարարականն է: Գալով մեղադրանքներին, թե ինչու հուշարձանները չեն վերանորոգվում տեղում ՝ առանց տեղափոխելու։ Ըստ թանգարանի տնօրենի մեր ունեցած հնրարվորություններով դա տեխնիկապես գրեթե անհնար է:

Թողնել պատասխան

Back to top button