ԿարևորՔաղաքական

Քննարկումների առանցքում նախագահական ընտրություններն են

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունները մոտենում են, սակայն քաղաքական դաշտում դեռեւս կա զգալի անորոշություն: Առայժմ ոչ բոլոր քաղաքական ուժերն են հստակորեն արտահայտել իրենց դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված եւ դա, ոմանց գնահատմամբ, սպասվող ընտրությունների առայժմ հիմնական ինտրիգն է:
Լրագրողական հանրությունն էլ, պատեհ առիթներն օգտագործելով, փորձում է հստակություն մտցնել հենց այս հարցում: ՀՀԿ-ի պարագայում կա հստակություն` նախագահական ընտրություններին մասնակցելու է գործող նախագահով, իսկ դա կհայտարարվի դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում:
ՀՀԿ-ն առաջատար ուժ է, որը պարզ դարձավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մնացած ուժերը, ըստ Հովհաննես Սահակյանի,  նախագահական ընտրություններում պետք է պայքարեն երկրորդ տեղի համար:
Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման ուշացման առնչությամբ Հովհաննես Սահակյանը չի ցանկանում մեկնաբանություններ կատարել, առավել եւս, երբ հենց ԲՀԿ- ականները չեն ցանկանում ոչինչ ասել:
ՀԱԿ-ի մասով Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ ներսում կան խնդիրներ, որոնք հենց ներսում քննարկելուց հետո կմիավորվի եւ այն ժամանակ էլ հստակ դիրքորոշում կհայտնվի։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ` նախագահական ընտրությունների նշանակությունը գերագնահատվում է, ինչը սխալմունք է: Նա նկատեց, որ նախագահական ընտրությունները ոչինչ չեն փոխի` խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, իսկ նրա կամքով ձևավորվող կառավարությունը կշարունակի իր գործունեությունը:
Նման իրավիճակում նոր նախագահը ուզի թե չուզի կհաստատի այդ կառավարության կազմը, ասաց Պարույր Հայրիկյանը։ «Եթե նորընտիր նախագահը իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ»,- կարծում է նա։
Պարույր Հայրիկյանը նաեւ սխալմունք է համարում նախագահի ընտրության թերագնահատումը: «Ոչ Հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում նախագահը պետք է գիտակցի, որ ինքն ընդամենը բարոյաքաղաքական լծակի է տիրանում և պետք է կարողանա աշխատել իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնության հետ»,- ասաց նա:

«Շահեկան վիճակում են նրանք, ովքեր գիտակցում են միասնական թեկնածուի կարևորությունը և աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ 1996թ.-ին»:

Հայրիկյանը սխալ է համարում միասնական թեկնածուին քաղաքական դաշտի այս կամ այն հատվածինը համարելը: «Միասնական թեկնածու պետք է լինի ազգային համաձայնության միասնական թեկնածուն, որովհետև նախագահը չի կարող ազգի մի հատվածի նախագահ լինել»,-հավելեց ԱԻՄ առաջնորդը:

«Հստակ պատկերացնելով հնարավոր զարգացումներն ու իրավիճակը՝ ես պատրաստ եմ արդեն մի քանի անգամ մեր ժողովրդին ծառայած իմ փորձառությունը այս անգամ արդեն նախագահի պաշտոնում դնել իմ ժողովրդի տրամադրության տակ»:

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չի կիսում ՀԱԿ-ի որոշ գործիչների այն տրամադրությունները, որ պատրաստ են հանուն իշխանափոխության համագործակցել անգամ սատանայի հետ: «Նպատակը չի արդարացնում միջոցները»,- շեշտեց նա: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ թեկնածուի հարցում որոշակիություն կլինի, երբ որոշում կայացնի Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը:
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի համոզմամբ` ՀԱԿ-ի  ներսում այսօր չկա  միասնական թեկնածու: Տարբեր գործիչներ տարբեր բաներ են ասում ու հասկանալի չէ, թե ում ասածն է պետք ընդունել որպես ՀԱԿ-ի տեսակետ կամ ում հավատալ: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածու չի կարող լինել: Հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ էր նման տեսակետ հայտնել: Նրա գնահատմամբ` իրողություններն են դա ցույց տալիս:

Թողնել պատասխան

Back to top button