ԿարևորՏնտեսական

Քննարկումները հանձնաժողովներում ավարտվեցին, շարունակությունը՝ հաջորդիվ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն այսօր ավարտել են  «Բյուջե 2013 »-ի նախագծի քննարկումները: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախնական այս քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովներն ու պատգամավորները կամփոփեն իրենց դիրքորոշումներն ու մինչև նոյեմբերի 8-ը կներկայացնեն  գրավոր առաջարկությունները։
Բյուջեի լրամշակված տարբերակը ամենայն հավանականությամբ քննարկման կդրվի ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, քանի որ նույն կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն՝  «Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին քառօրյա  նիստերի ընթացքում»։

Իսկ վերջին ոլորտը, որ այսօր քննարկել են պատգամավորները, տնտեսությունն էր՝ բավականին ընդգրկուն շրջանակներով. արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկ համակարգ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն:
Տնտեսական բլոկի նախարարությունների և այս ոլորտի մի շարք գերատեսչությունների բյուջետային ֆինանսավորման մասին խոսելիս՝  ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը հիմնականում  առաջնորդվել է ծախսերի նախորդ տարվա մակարդակը պահպանելու մոտեցմամբ:
Պահպանման ծախսերը, ըստ փոխնախարարի, գրեթե բոլոր նախարարություններում  ու հանձնաժողովներում կլինեն այնքան, որքան եղել են 2012-ին: Աշխատավարձերի ֆոնդը այս կառույցներում հաջորդ տարվա ընթացքում կավելանա, բայց միայն անվանական արժեքով՝  պայմանավորված  2013-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքից բխող վերահաշվարկով:

Էկոնոմիկայի նախարարությանը, մասնավորապես, 2013-ին կտրամադրվի  1 մլրդ 841 մլն դրամ, ինչը 324 մլն-ով է ավելի նախորդ տարվա ֆինանսավորումից: Նախարարության իրավասությունների շրջանակում գտնվող ոլորտները կարգավորող կառույցների ֆինանսվարումը  նույնպես կկատարվի նախորդ տարվա գրեթե նույն ցուցանիշներով ՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն  ուղղված  ծրագրերին կուղղվի 150 մլն, զբոսաշրջությանը՝  մոտ 50 մլն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՝ փոքր-ինչ ավելի 80 մլն:
Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ բացի դրանից՝ 163,7 մլն դրամ կհատկացվի Գյումրիի  տեխնոպարկին:  Նախարարը խորհրդարանում նաև հիշեցրեց, որ վերջին երկու ոլորտները՝ զբոսաշրջությունն ու ՏՏ-ն, ինչպես նաև արտահանմանը միտված արդյունաբերության զարգացումը հաջորդ տարի շարունակելու են մնալ հայաստանյան տնտեսության հիմնական գերակայությունները:

«Առաջին անգամ բյուջեով գումար է հատկացվել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության աջակցությանը՝ 300 մլն դրամի չափով»:

Հիմնական առարկություններն ու հարցերը, ինչպես նախորդ քննարկումներին, այնպես էլ այսօր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանինն էին:
Նախ բյուջեից ֆինանսվարովող ծրագրերի ու դրանց արդյունավետության մասին:

«Ո՞վ է որոշում՝ այս կամ այն ծրագիրը պե՞տք է , թե՞ պետք չէ: Տարբեր գումարներ նշեցիք՝ 50 մլն, 100 մլն: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ ծրագրերը շարունակելու համար գումարներ գտնվում են, իսկ թոշակը 1 դրամով բարձրացնելու հնարավորություն չեք ունենում»:

Բագրատյանին, մասնավորապես հետաքրում էր, թե ինչ է անելու կառավարությունը զբոսաշրջության զարգացման համար նախատեսված 50 մլն դրամով:

«Կարծիքս այն է, որ 50 միլիոնով ոչինչ էլ չես անի, և  ավելլի լավ է այդ գումարն այդպես չվատնել»:

Հարցին Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց: 50 միլիոնը, իսկապես, տուրիզմի զարգացման համար ոչ թե շատ է, այլ շատ քիչ, ասաց:

«Հակառակ հարցը ավելի սպասելի կլիներ։ Ամբողջ երկրի տուրզմի զարգացմանը ընդամնե՞նը 50 մլն դրամ, և այդ հարցի պատասխանը կլիներ այն, որ ավելիի հնարավորություններններ չկան»,- նկատեց նախարարը։

 

Էներգետիկայի ոլորտից Բագրատյանին խիստ կոնկրետ հարց էր հետաքրքրում , որին նա այո  կամ ոչ պատասխանն էր ակնկալում:

 

Ձայն  « Բյուջեով գումար նախատեսվո՞ւմ է նոր ատոմակայանի շինարարությունը սկսելու համար»:

 

Ոչ ՝ եղավ ֆինանասների փոխնախարար Պավելի Սաֆարյանի հակիրճ պատասխանը, իսկ հետո հետևեց  Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանի պարզաբանումը, նախ այն մասին,  որ նախարարը քննարկմանը չի մասնակցում վատառողջ լինելու պատճառով: Ինչ վերաբերում է  նոր ատոմակայանի կառուցմանը, ապա այս հարցով  բանակցություններն, ըստ փոխնախարարի,  շարունակվում են ՌԴ-ի և այլ երկրների հետ: Արա Սիմոնյանի խոսքով ՝ խնդիրը այնպիսի տարբերակներ գտնելն է, որ այդ  ծախսը բյուջեի վրա չընկնի:
Ի դեպ, ներկայացված ոլորտներից ամենամեծ հատկացումները էներգետիկայի ոլորտում էին ՝  15 մլրդ 615 մլն դրամ,  որից 14 մլրդ-ը վարկային ծրագրեր են:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button