ԿարևորՀասարակություն

Ոչ թե չնաշխարհիկ, այլ` չինաշխարհիկ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր մեկնարկել է «Հայաստան եւ Չինաստան. 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսագիտության, լեզվի եւ մշակույթի ոլորտներում» խորագրով Հայաստանում առաջին չինագիտական երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է սահմանել Չինագիտության ժամանակակից իրավիճակը եւ դերը Հայաստանում, ամրապնդել Չինաստանի, Հայաստանի և արտասահմանյան չինագետների միջև համագործակցությունը, միասին փնտրել համագործակցության նոր ուղիներ հայ-չինական քաղաքական, տնտեսական, լեզվական և մշակութային ոլորտներում: Գիտաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Չանչունը, ԵՊԼՀ խորհրդի նախագահ  Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնյաներ:

Թեև հայերն ու չինացիները ազգությամբ շատ տարբեր են, պատմաբաններն ու մշակութաբաններն ասում են, որ այս երկու պետություններն ունեն նաև շատ ընդհանրություններ: Ու թեև Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն ընդամենը 20 տարվա պատմություն ունեն, այս երկու երկրների բարեկամությունն իրականում գալիս է հազարամյակների խորքից, երբ դեռևս Մետաքսի Մեծ ճանապարհը կապում էր հայկական եւ չինական մշակույթները: Դարերի պատմություն ունեն նաև այս երկու երկրների առևտրական կապերը, որտեղից էլ առաջացել է հայկական չնաշխարհիկ բառը, որի նշանակությունը շատերը նույնիսկ չգիտեն էլ, ասում է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:

«Շատ հայեր գուցե նույնիսկ չգիտեն, որ չնաշխարհիկ բառը այն ժամանակ արտասանվում էր չինաշխարհիկ, այսինքն` շատ բարձր որակի ապրանքները, որոնք բերվում էին Չինաստանից և բարրձր էին գնահատվում հայերի կողմից, կոչվում էին չինաշխարհիկ` չինական աշխարհից»:

Ողջունելով «Հայաստան եւ Չինաստան. 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսագիտության, լեզվի եւ մշակույթի ոլորտներում» խորագրով Հայաստանում առաջին չինագիտական երկօրյա գիտաժողովի մեկնարկը` Գայանե Գասպարյանը նշեց, որ չինարենն իրենց համալսարանում դասավանդվում է 2007 թվականից` որպես երրորդ լեզու: Նաև հավելեց, որ նոր ուսումնական տարվանից չինարենը դասավանդվելու է արդեն որպես 1-ին լեզու: Գիտաժաղովի բացմանը ներկա էր նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Չանչունը: Օրեցօր էլ ավելի են ամրպանդվում երկու պետությունների նաև քաղաքական հարաբերույթւոնները, ողջույնի իր խոսքում ասաց Չինաստանի դեսպանը` ավելացնելով, որ երկու պետությունները սերտորեն համագործակցում են և պաշտպանում միմյանց և ընդհանուր շահերը: Պատահական չհամարելով, որ հայ- չինական հարաբերությունները զարգանում են առանց խոսչընդոտների, մետաքսի նման փայլուն և սահուն` գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշեմ, որ երկօրյա գիտաժողովի նպատակն է սահմանել Չինագիտության ժամանակակից իրավիճակը եւ դերը Հայաստանում, ամրապնդել Չինաստանի, Հայաստանի և արտասահմանյան չինագետների միջև համագործակցությունը, միասին փնտրել համագործակցության նոր ուղիներ հայ-չինական քաղաքական, տնտեսական, լեզվական և մշակութային ոլորտներում:

Թողնել պատասխան

Back to top button