Նախկին հետախույզ չի լինում, ասում են նախկին հետախույզները


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
20 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ավարտվեց հետախուզական ստորաբաժանման ձևավորումը: Հետագայում այս օրը սկսվեց նշվել որպես հետախուզական զորքերի օր:
Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամներ, նախկին հետախույզներ Վովա Վարդանովը եւ Վարդան Ենոքյանն այսօր նշեցին, որ թեկուզ համարվում են վետերաններ, այնուամենայնիվ ոգով և սրտով մնում են անտեսանելի ճակատի մարտիկներ:
Ռազմական հետախույզի գրագետ աշխատանքը մեծ նշանկակություն ունի այսօրվա մեր իրականության մեջ, ասում է Վովա Վարդանովը, ով այս տոնը նշում է դեռ խորհրդային տարիներից՝ անցնելով ծառայությունը հատուկ նշանակության զորքերում:
Նրա գործընկեր Վարդան Ենոքյանի դիտարկմամբ՝ դիրքերում գտնվող մեր զինվորները ի զորու են գործել հակառոկորդի թիկունքում` անհրաժեշտ առաջադրանքը կատարելու նպատակով: Դրա մեջ բազմիցս համոզվել ենք` թուրքական հրահանգավորում ստացած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ոչնչացման վառ օրինակներով, ասում է։
Վովա Վարդանովը նշեց, որ հետախուզական դպրոցը բավականին թանկ հաճույք է: Մեր երկրում դեռևս չկա համապատասխան ուսումնական բազա և մեր մասնագետները կրթվում են Ռուսաստանում` հատուկ օտարերկրյա ուսանողների համար մշակված ծրագրով: Այս թերությունը մերոնք ծածկում են գործնական բարձր պատրաստվածությամբ և խիզախությամբ։