ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանը գոհ չէ 2013-ի բյուջետային հատկացումներից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գոհ չէ 2013-ի բյուջետային հատկացումներից: Դրանք, ըստ նրա, թույլ են տալիս հոգալ գրասենյակի նվազագույն կարիքների միայն կեսը: Պաշտպանն այս մասին խոսել է խորհրդարանում, պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում, որի օրակարգում շարունակում է մնալ «Բյուջե 2013-ի» նախագիծը: Կարեն Անդրեասյանը կառավարությունից 11 մլն դրամի լրացուցիչ հատկացում է պահանջում և այդ հարցում ակնկալում է խորհրդարանի պաշտպանությունը:
2013-ին կառավարությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ծրագրում է տրամադրել մոտ 176 մլն դրամ, ինչը մոտ 3 մլն-ով կամ 1.5 տոկոսով է ավելի նախորդ տարվա հատկացումից: Նման բյուջեով, ըստ Կարեն Անդրեասյանի, գրասենյակը կարող է հոգալ իր նվազագույն կարիքների հազիվ կեսը:

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պետբյուջեից ֆինանսավորվում է իր նվազագույն կարիքների միայն 50 տոկոսի չափով, մնացածը մենք լրացնում ենք օտարեկրյա օգնությամբ, տարբեր դրամաշնորհների միջոցներով»:

Կարեն Անդրեասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ 2013-ին էլ դեռ կշարունակեն դրամաշնորհներից օգտվել, բայց 2014-ից որոշել են պաշտոնապես հրաժարվել դրամաշնորհներից ու գոյատևել միայն բյուջեի միջոցների հաշվին: Այնպես որ` «Մյուս տարի այս ժամանակ ես լուրջ հավելումներ եմ խնդրելու»: 2013-ի համար պաշտպանը գրասենյակին հատկացվելիք գումարը առնվազն 11 մլն դրամով լրացնելու անհրաժեշտություն է տեսնում և այս հարցում ակնկալում է խորհրդարանի աջակցությունը: Ի դեպ, համանման վեճ Կարեն Անդրեասյանը կառավարության հետ ուներ նաև նախորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: «Մենք անցյալ տարի էլ 10 մլն-ի շուրջ վեճ ունեցանաք, Գագիկ Միանսյանը իմ ելույթը էմոցիոնալ որակեց: Այս տարի էլ ստիպված պետք է նույն 10 մլն սիմվոլիկ գումարի համար խնդրեմ ձեր աջակցությունը»:

Ֆինանսավարկայնի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այս տարի էլ պաշտպանի ելույթը էմոցիոնալ որակեց, հիշեցնելով, թե մինչև լրացուցիչ գումարներ պահանջելը պաշտպանը խորհրդարանին նախ և առաջ պետք է տեղեկացներ, թե ինչ է արել և ինչ է պատրաստվում անել հատկացվող գումարներով: «Դուք մեզ չեք ասում, թե այդ համեստ հատկացումներով ինչ եք պատրաստվում անել, բայց խոսում եք հավելումների անհրաժեշտության մասին»: Հարցին, թե ինչ է անում Մարդու իրավունքների պաշտանը և ինչպես է ծախսում բյուջետային գումարները, ըստ Կարեն Անդրեասյանի լավագույնս պատասխանում է Մարդու իրավուքների 2011 թ-ի տարեկան զեկույցը, որը քննարկման հերթը խորհրդարանում չի հասնում:

Թողնել պատասխան

Back to top button