ԿարևորՔաղաքական

Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ փոխհարաբերությունների թեման փակված է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ փոխհարաբերությունների թեման փակված է` այսօրվա ասուլիսում հայտարարել է Ժառանգության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` ակնարկելով, որ Ազատ դեմոկրատների թեկնածուները խորհրդարան մտան ժառանգության ցուցակով` տարբեր քաղաքական, բարոյական պարտավորությունների արդյունքում, որոնք, սակայն, չեն կատարել, իսկ այդ առթիվ հրապարակած իր հայտարարությունը, Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, եղել է ամենամեղմը: Սխալ են նրանք, ովքեր մտածում են, թե ես նախընտրական այս շրջանում, քաղաքական պահից ելնելով ճշմարտությունը չպիտի բացահայտեմ` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` իր հրապարակած հայտարարությունն ամենամեղմն էր, իսկ ինքը որեւէ մի քաղաքական ուժից սատարում չի հայցել:

Անդրադառնալով ընտրություններին ընդառաջ վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն պատրաստ է տալ ընտրողների 4 տոկոսը միայն` Ժառանգության ղեկավարը նախ ասաց, թե նման հարցումների ինքը չի հավատում: Եթե անգամ այդ հարցումները մասնագիտորեն են կատարվել, ապա Հովհաննիսյանի խոսքով, ինքը դրանք ընդունում է որպես մեկնարկային մարտակոչ եւ պատասխան կտա այդ մարտակոչին:

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» ապահարզան չի եղել, որովհետեւ ամուսնություն էլ չի եղել: «Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, եւ այդ պարտավորությունները չհարգվեցին ու խախտվեցին: Այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովվհանիսյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունեն: «Այդ ժամանակ ձեր սիրելի դեմքերը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կվերադառնան խորհրդարան: «Ժառանգությունը» կունենա նաեւ իր առաջարկը հասարակությանը ուղղված` վարչապետի եւ կառավարական նոր կազմի շուրջ, եւ այնտեղ կտեսնեք, ոչ միայն սիրելի դարձած պատգամավորներին, այլեւ կուսակցության այլ ներկայացուցիչների»,- ասաց Րաֆֆի Հովհանիսյանը եւ ավելացրեց, որ քաղաքացիական հասարակությանը արթնացնելու համար պատրաստ է անել այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում, ներկա լլինի հրապարակում տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

Թողնել պատասխան

Back to top button