ԿարևորՄիջազգային

Ադրբեջանցի պաշտոնյաները թույլ չեն տվել ԱՄՆ դեսպանին այցելել Ջուղա

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել հայտարարությամբ տարաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում նշանակվելուց հետո Մորնինգսթարը սկսել է ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ: Այցելել է Նախիջևան, Լյանկյարան, Շեքի, Օգուզ, Գուբու և Լախիջ: Այդ ուղևորությունները հնարավորություն են տվել ծանոթանալ երկրի բազմազան մշակութային ժառանգության հետ:
«Տարածաշրջանը բարդ պատմություն ունի, և ղարաբաղյան հակամարտությունը դարձել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ, լրջորեն ազդել վայրերի վրա, որոնք ունեն կարևոր կրոնական և մշակութային ազդեցություն: Լինելով Նախիջևանում, ես պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Ջուղայի հին հայկական գերեզմանոցի քանդվելու փաստը: Ափսոսում եմ, որ պաշտոնական անձինք անհնար են դարձրել իմ այցելությունն այդ վայր՝ պատճառաբանելով դա անվտանգության հարցերով»,- նշվում է նրա հայտարարությունում, հաղորդում է APA գործակալությունը:

«Միևնույն ժամանակ, ինձ ոգեշնչում են ջանքերը, որոնք ձեռնարկվում են երկու երկրների կողմից միմյանց մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Օրինակ, ես Բաքվում այցելել եմ սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Ինձ պատմել են եկեղեցու պատմության, գրքերի, հայերեն լեզվով ձեռագրերի մասին: Պատմել են հայկական և ադրբեջանական գերեզմանոցների փոխադարձ պաշտպանության մասին հայկական և ադրբեջանական գյուղերի միջև պայմանավորվածության մասին:

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին երկու երկրների պատմական արխիվները պահպանելու ձգտման մեջ: Օրինակ, գալիք շաբաթ ԱՄՆ-ում կգտնվեն Հայաստանի և Ադրբեջանի արխիավարիուսները, որոնք թրենինգներ կանցնեն նյութական-մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ: Նման ջանքերը գովելի են, մենք հետագայում ևս պատրաստ ենք սատարել նման ջանքերին»,- նշվում է Մորնինգսթարի հայտարարությունում:

Թողնել պատասխան

Back to top button