ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 4-ին նշվում է ոցիալական աշխատողի օրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության 2009թ. հունվարի 22-ի որոշմամբ նոյեմբերի չորսը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սկզբնական շրջանում սոցիալական աշխատողները համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ:
Այժմ սոցիալական աշխատողներ են համարվում այն անձինք, ում գործունեությունն ուղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը: Խորհրդային մեծ հանրապետության փլուզումից հետո շատ բան փոխվեց հետխորհրդային բոլոր երկրներում: Հայաստանը ևս բացառություն չէր, նախկին մեծ հանարպետությունն ինքն էր իր վրա վերցերլ բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարահները, այժմ ամեն ինչ մնացել էր նոր ձևավորվող անկախ հանրապետությունների ուսերին: Սոցիալական աշխատանքն ու սոցիալական աշխատողներն, այսպես ասենք, նորանկախ հանրապետության նորույթ մասնագիտություններից մեկն էր: Հասարակությունում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների պատճառով հայ հասարակությունում շատ արագ մեծացավ սոցիալական աշխատողի պահանջարկն ու դերը: Միրա Անտոնյանը սոցիալական աշխատանքի մասնագետ է: Հենց նա էլ բացատրում է, թե ով է սոցիալակլան աշխատողն ու ինչու է նրա դերը կարևոր հասարակությունում: «Մեզանից ամեն մեկը ցանկացած պահի կարող է հայտնվել ճգնաժամային իրավիճակում, դա շատ մարդկային է»,- ասում է ու բացատրում, թե հայ իրականությունում ինչպես է ընկալվում սոցիալական աշխատողի դերը և թե ինչպիսին է այն ամբողջ աշխարհում: «Այս մասնագիտությունը նրա համար չի, որ ով աղքատ է, գա փող ստանա: Այս մասնագիտությունը նրա համար է, որ օգնի մարդկանց՝ փոփոխություններ մտցնել իրենց սեփական կյանքում: Ես մի պրոֆեսոր ունեի, ասում էր, եթե դուք ուզում եք լինել լավ սոցիալական աշխատող, ապա ձեր դերը պետք է լինի հետևյալը, օգնել մարդուն այնպես, որ նա այլևս քո կարիքը չունենա»:

Այսպիսով, սոցիալական աշխատողն այն մարդն է, ով կկարողանա մարդկանց, լսել նրանց, օգնել, որպեսզի փոխվի ճգնաժամի մեջ հայտնված մարդու հոգեկան աշխարհը, կօգնեն մարդուն մեկ այլ պատուհանից նայել աշխարհին: Իրական սոցիալական աշխատողը օգնում է մարդկանց լուծել այն խնդիրները, որոնք վերջիններս ինքնուրույնաբար չեն կարողանում լուծել՝ ընտանիքի անդամների փոխհարաբերություններից մինչև երեխաների իրավունքների ոտնահարում: Արդյոք, հայ հասարակությունում թույլ են տալիս, որ նեղ անձնական խնդիրների հետ ծանոթանան մեկ այլ՝ օտար մարդ նույնպես: Պարզվում է՝ հնարավոր է.«Մարդիկ կարող են դիմել ամենատարբեր խնդիրներով՝ սկեսուրի հետ վեճի հարցով, ամուսնու հետ իրար չհասկանալու խնդրով, կարող են դիմել ծերի խնամքի պրոբլեմով, կամ ծերի տրամաբանությունը տարիքի հետ կապված: Կարող են դիմել նյութական խնդրանքով»:

Երբեմն, սակայն, իրական դժվարության առջև կանգնած ընտանիքները հրաժարվում են սոցիալական աշխատողի ծառայությունից: Հայաստանի Մանուկներ հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Գայանե Ասատրյան.«Եթե ընտանիքը հրաժարվում է ընդունել ծառայություն, մենք փորձում ենք տարբեր մեթոդները կիրառելով և պրոֆեսիոնալության բոլոր սահմաններն ապահովելով, ընտանիքին բացատրել, թե ով ենք մենք, որովհետև ընտանիքը տարբեր պատճառներով կարող է մերժել: Ի վերջո, երբ որ համոզվում ենք, որ ընտանիքը չունի մեր անհրաժեշտությունը, կամ ունի, բայց հրաժարվում է մեր ծառայությունից օգտվելուց, մենք կարող ենք որոշ ժամանակ, այսպես ասած, հանգիստ թողնել իրեն այն սահմանը մինչև, երբ որ չենք նկատում, որ երեխայի կյանքին, առողջությանը վտանգ է սպառնում»:
Այս դեպքում արդեն, իհարկե ոչ միայն երեխայի, այլ նաև ընտանիքի ցանկացած անդամի կյանքին վտանգ սպառնալու կամ շահագործման տարրեր նկատելու դեպքում սոցաշխատողը դիմում է անգամ ոստիկանություն: Սոցիալական աշխատանքով զբաղվող հասարական սեկտորը չունի որոշման իրավունք, սա Գայանե Ասատրյանն իրենց մասնագիտության թերությունն է համարում.«Դու ինքդ որոշում կայացնելու հնարավորություն չունես, դու ինքդ հնարավորություն չունես որոշում կայացնել, օրինակ, որ երեխան չպետք է ապրի այդ ընտանիքում, երբ որ դու համոզված ես, որ դա լավագույն շահն է»:
Ապրենք առողջ ու համերաշխ, բայց և չմոռանանք, որ Աստված մի Արասցե, կյանքի որևէ փուլում ճգնաժամային իրավիճակում հայտնվելիս, կան մասնագետներ, ովքեր պատրաստ են օգնել մեզանից յուրաքանչյուրին:

Թողնել պատասխան

Back to top button