ԿարևորՀասարակություն

Նախագահը Մայր Աթոռում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերն ու նախաձեռնությունները: Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով՝ նկատելով, որ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: «Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են:

Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում»,-ասել է Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը նկատել է, որ այսօր կարևոր փոփոխությունների փուլ է մտել նաև մեր երկիրը:
«Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետևանքներից՝ մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին: Մենք գիտենք բոլոր խնդիրների ակունքները և կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ դրանք հաղթահարելու գործում: Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում: Ու անպայման հաստատելու ենք: Կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են, պատժվելու են հրապարակավ, որպեսզի դաս լինեն և մեկընդմիշտ մերժվեն մեզանում: Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում և զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, և որը պետք է ամեն գնով պահպանել: Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում: Մենք շարժվում ենք հստակ ծրագրով, որը որևէ հետադարձ չի ենթադրում այլևս: Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները և վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել և կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button