Ի՞նչ խնդիրներ և ձեռքբերումներ ունեն այսօր պետական և ոչ պետական բուհերը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ինչպիսի խնդիրներ և ձեռքբերումներ ունեն այսօր պետական և ոչ պետական բուհերը: Գործունեության 90 տարիների ընթացքում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ունեցել է 110 հազար շրջանավարտ, ովքեր այսօր աշխատում են մեր հարնապետության 1400 դպրոցներում: Չցանկանալով թվարկել համալսարանի բոլոր ձեռքբերումները` բուհի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը կարծում է, որ թվային այս տվյալներն արդեն իսկ ներկայացնում են այդ ձեռքբերումները և ապացուցում, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իր տեղն ունի նաև մանկավարժական համալսարանը: Այդուհանդերձ, համալսարանն ունի նաև խնդիրներ, որոնցից ամենամեծը որակյալ մասնագետների ապահովումն է:
Մանկավարժական համալսարանն արդեն 90 տարվա պատմություն ունի: Տարիների նման փորձով չի կարող հպարտանալ Գլաձոր համալսարանը: Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը հավաստիացնում է, որ 22 տարիների ընթացքում քիչ չեն եղել նաև մասնավոր այս բուհի ձեռքբերումները և հպարտանում է, որ այդ ձեռքբերումներին հասել են բացառապես սեփական ուժերով: Որքան էլ Ժորա Ջհանգիրյանը չի ընդունում մասնավոր բուհ արտահայտությունը, միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանում գործող բոլոր բուհերն իրականում մասնավոր են, այդ թվում պետական կոչվող բուհերը, որոնք, ըստ Գլաձոր համալսարանի ռեկտորի, իրականում բիզնեսով են զբաղվում:
Ամեն դեպքում սպառողն ընտրում է պետական և ոչ թե մասնավոր բուհը, նկատեց Մհեր Մելիք-Բախշյանը`հավելելով, որ բուհի որակի մասին կարելի է դատել` հաշվի առնելով նախևառաջ դիմորդների թիվը:
Ինչևէ, որքան էլ պետականի և մասնավորի տեսակետները չհամընկնեն միմյանց, որքան էլ խնդիրները տարբեր լինեն, կա մի խնդիր, որն ընդհանուր է և մասնավոր և պետական բուհերի համար: Այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավելի շատ շրջանավարտ են տալիս, քան պետք է, քան պահանջում է շուկան: Արդյուքնում շատ շրջանավարտներ այսօր կամ աշխատանք չունեն, կամ էլ ստիպված աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ: