ԿարևորՏնտեսական

Աշոտ Մարտիրոսյան.ՀԱԷԿ-ն այսօր տեխնիկական խնդիրներ չունի

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հերթական անգամ Հայաստանի ատոմակայանի անվտանգության հարցերն են սկսել շահարկել թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունները` պնդելով, որ այն պետք է դադարեցնի իր գործունեությունը: Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր, սակայն, ընդգծել է` Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ մշտական աշխատանքներ են տարվում, ու ՀԱԷԿ-ն այսօր տեխնիկական խնդիրներ չունի: Նա նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ ետ կանգնել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման իր ծրագրերից:

Այսօր հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքալեզու աղբյուրները, տեղեկացրին, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում սկսվել է Հայաստանի Ատոմային էներգայակայանի փակման ստորագրահավաք: Վայնասունը կազմակերպել է թուրք-ադրբեջանական կազմակերպությունը, որը պատրաստվում է ստորագրություններն ուղարկվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատուն, որպեսզի Վաշինգտոնը վերանայի ՀԱԷԿ-ին ևս 10 տարի գործելու մասին իր որոշումը:

Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի բարձրացրած աղմուկին` կապված հայկական ատոմակայանի անվտանգության հետ, նկատեց, որ Թուրքիան առաջին անգամ չէ նման հայտարարություն անում: Սակայն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ: Նման հայտարարությունների պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել. ընդգծեց Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: «Ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել, որպեսզի մյուս երկիրը դադարեցնի իր ատոմակայանի աշխատանքը: Դա տվյալ երկրի իրավասությունն է»:

Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2009թ.-ին, սակայն ճապոնական ատոմակայանի հետ կապված վթարն իր շտկումները մտցրեց հետագա աշխատանքերի մեջ, ասաց Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց` Ֆուկուսիմայից հետո բոլոր ատոմակայանները ենթարկվել են սթրեսս-թեստերի, որոնց արդյունքները ներկայացվում են ԵՄ-ին: Հայկական ԱԷԿ-ում հերթական սթրես-թեսթի արդյունքները պատրաստ կլինեն  2013-ի մայիսի: Հայաստանում ատոմային նոր բլոկը կառուցվելու է ռուսական տեղակայանքով` ռուսական արտադրության կղզյակով: Ատոմակայանի գլխավոր կապալառուն ռուսական ընկերություն է: Այդ տիպի ատոմակայանն առաջինն է լինելու տարածաշրջանում` իր անվտանգության և տեխնիկական չափանիշերով` լավագույներից մեկն աշխարհում: Նրա խոսքերով, նոր ատոմակայանի շինարարության ավարտից հետո արդեն գործող ատոմակայանը կդադարեցնի իր գործունեությունը: Աշոտ Մարտիրոսյանն ընդգծեց` Հայաստանի էնեգետիկ քաղաքականությունը չի փոփոխվել:
«Հաջորդ շաբաթ մենք կառավարությանը կներկայացնենք ատոմակայանների անվտանգության ապահովման նոր ընթացակարգի մասին որոշման նախագիծը: Հայաստանը, ինչպես ատոմակայան ունեցող բոլոր երկրները, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության խնդրին»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
«Ատոմակայանում 8 բալի երկրաշարժի ժամանակ անվտանգության բոլոր համակարգը կապահովեն ռեակտորի անվտանգ դադարի ռեժիմի իրականացում: Այդ դեպքում հնարավոր են որոշ ոչ կարեւոր ենթակառույցների ճաքեր, փլուզումներ, որոնք, սակայն, ատոմակայանի անվտանգության վրա ազդել չեն կարող»:
Հիշեցնեմ նաեւ` Չինաստանը եւս արդեն հանել է 2011թ. Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո ատոմակայան կառուցելու արգելքը:

Թողնել պատասխան

Back to top button