ԿարևորՔաղաքական

2011թ-ին երեք կուսակցությունների ստորագրած փաստաթղթին ՕԵԿ ներկայացուցիչը կարեւորություն չի տալիս

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ստորագրած հայտնի հայտարարությունը, որին տարբեր մեկնաբանություններ են տրվում, գնալով, կարծես, Հայոց հարցն է դառնում: ՕԵԿ ներկայացուցիչը 2011-ին ստորագրված փաստաթղթին անդրադարձել է լրագրողների հետ կայացած այսօրվա հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` ինքն այդ փաստաթուղթին այնքան կարեւորություն չի տալիս, քանի որ 2012-ին ձեւավորվել է նոր կոալիցիոն ձեւաչափ:

Հիշեցնենք, որ 2011-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ստորագրեցին փաստաթուղթ, որի համաձայն այս երեք քաղաքական ուժերը 2013-ի նախագահական ընտրություններում պետք է պաշտպանեն գործող նախագահի թեկնածությունը: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն այս փաստաթղթին նշանակություն չի տալիս, քանի որ, կարծում է, շատ շուտով հենց ԲՀԿ ղեկավարը կհստակեցնի` փաստաթուղթն ուժի մեջ համարում է, թե ոչ եւ թե` ինչ դիրքորոշում է որդեգրելու ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում:

ՕԵԿ-ը հայտարարել է իր դիրքորոշման մասին եւ այն ուժի մեջ է` շեշտեց Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ-ական պատգամավորը նաեւ կոռեկտ չի համարում գործընկերների ներկուսակցական խնդիրների մեկնաբանումը: Անդրադառնալով Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ ապահարզանին, նա նշեց միայն, թե ցավով է արձանագրում այդ փաստը:
Ըստ Հովհաննես Մարգարյանի, ընդդիմության ներսում առկա մեծ, թե փոքր որեւէ հակասություն չի նպաստում այդ դաշտի համախմբմանը: Նա նաեւ այսպիսի մի դիտարկում ներկայացրեց. «Հերթական անգամ կյանքը ցույց տվեց, որ դաշինքների ներսում միշտ խանդը սիրուց ուժեղ է»:
Արդյո՞ք ՕԵԿ-ի մոտ որ չափով իրեն զգացնել կտա խանդը, եթե կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի, որին մաս կազմի նաեւ ԲՀԿ-ն: Հարցին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն արձագանքելով` շեշտեց, որ այսօր պարզ է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն ձեւաչափը, իսկ կանխատեսումներ ինքը չի ցանկանում կատարել, քանի որ անշնորհակալ գործ է: Քննարկման նյութ էլ այստեղ չի տեսնում, քանի որ, ըստ նրա, մնացել են հաշված օրեր:

Թողնել պատասխան

Back to top button