ԿարևորՀասարակություն

Բազում հավատացյալներ կապված են եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական գիտակցումով

«Ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը»:

Գարեգին Բ Կաթողիկոս

«Եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները»,- այսօր ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի ընթացքում։

Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Վեհափառն ընդգծել, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին:
«Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի` խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: Ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը: Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք»,- ասել է Վեհափառ հայրապետը։

 

Ծխական համայնքների մասին

Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով:

 

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նշել է, որ Հայաստանի եւ Սփյուռքի շատ թեմերում չկան ծխական համայնքներ եւ քահանաներ։ «Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում` դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և` արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից՝ հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», — նշել է Նորին Սրբությունը։

 

Սիրիահայության մասին

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատել է սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի»։

 

Ցեղասպանության 100- րդ տարելիցի մասին

100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման

Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, և այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ` հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին: Այսօր աշխարհի տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, Քույր եկեղեցիներ` առաջնորդվելով ճշմարտության և արդարության սկզբունքներով` ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բարեհույս այս ընթացքը զորացնում է մեր ժողովրդի լավատեսությունը, որ այն կգտնի համընդհանուր դատապարտում: …100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, հերոսական մաքառումով ու ջանքերով վերածնված մեր կյանքի արժևորման և լուսավոր գալիքի հույսերի ամրապնդման, որոնց նույնպես պիտի ուղղված լինեն նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները», — ընդգծեց Նորին Սրբությունը։

Վեհափառը  նաեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից համատեղ կազմված Սրբադասման և Ծիսական հանձնաժողովների կատարած աշխատանքներին։

Սրբադասման հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել ցեղասպանության նահատակների սրբադասման խնդիրը:

 

Թողնել պատասխան

Back to top button