Տնտեսական

Անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են, գները՝ ոչ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Անշարժ գույքի շուկայի ներկա պասիվ վիճակը կարելի է շտկել առաջին հերթին հիփոթեքային վարկավորման պայմանների մեղմացմամբ, կարծում են շուկայագետները:  Հայաստանում ընդհանուր վարկավորման փոքր մասն է բաժին ընկնում հիփոթեքային վարկավորմանը` չնայած բարձր պահանջարկին:
Ընդհանրապես՝ անշարժ գույքի շուկայի ներկա վիճակի գնահատումները տարբեր են՝ կայուն ծանրից մինչեւ զարգացման նոր միտումներ ցուցաբերող: Այստեղ շատերը նկատում են անտրամաբանական շղթա: Անշարժ գույքի առքուվաճառքի ծավալները նվազում են, շինարարության ծավալները նույնպես, գնորդներն էլ իրենց հերթին են պակասել, սակայն այսքանով հանդերձ անշարժ գույքի գները չեն իջնում։

Իրանից և Սիրիայից ներգաղթողների հաշվին շուկայի աշխուժացման վերաբերյալ կանխատեսումներն էլ առանձնապես չիրականացան: Այս վիճակի մեջ իր մինչ օրս էլ շարունակվող խմբագրումները մտցրեց ճգնաժամը: Շինարարության շուկան հետճգնաժային շոկն այդպես էլ վերջնականապես չի հաջողում հաղթահարել: Շինարարության ծավալներն այդպես էլ չեն վերադառնում մինչճգնաժամային ծավալներին, իսկ զուգահեռ աճում են շինանյութի եւ աշխատուժի գները:
Այս համատեքստում շատ մասնագետներ, այդ թվում եւ Անշարժ գույքի գործակալություննեիրց մեկի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը որպես շուկայի վերակենդանացման ուղի մատնանշում են հիփոթեկային շուկայի խթանումը, առաջարկում մեղմել հիփոթեքային վարկավորման պայմանները: Հակոբ Բաղդասարյանը կարծում է, որ պետությունը պետք է որոշ ռիսկեր իր վրա վերցնի:
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ մատնանշում է կառավարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի կարեւորությունը՝ առանձնացնելով «Մատչելի բնակարան» երիտասարդ ընտանիքներին նախաձեռնությունը, ինչպես նաեւ սոցիալական բնակարանաշինությունը մասնագիտական մի շարք խմբերի՝  մանկավարժների, լրագրողների, սպորտսմենների, մարզիկների համար։

Բանկերի միության նախագահի կանխատեսումներն էլ հիփոթեկային շուկայի զարգացման օգտին են: Աշոտ Օսիպյանը տեսնում է եւ հետաքրքրություն, եւ պահանջարկ շուկայի հետ կապված: Վարկերի տոկոսադրույքների տատանումները նա տարբեր գործոնների է վերագրում, այդ թվում եւ արտաքին միտումներին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button