

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական հանձնաժողովներն այսօր շարունակել են «Բյուջե 2013-ի» նախագծի քննարկումները: ԱԺ պետաիրավական և բյուջետային ու ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են իշխանության պետական ու դատական մարմինների ֆինանասկան հատկացումները:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը շեշտեց, որ 2013-ին կառավարման համակարգը աշխատելու է խնայողական ռեժիմով: Պահպանման բոլոր ծախսերը, ըստ նրա, նվազել կամ չնչին ավելա»ում են ունեցել՝ պայմանավորված հանգամանքով, որ 2013-ը ֆինանսական առումով ծանրագույնն է վարկային պարտավորությունների մարման տեսանկյունից:
Պետական կառավարման համակարգի ֆինանսավորման հարցում կառավարությունն առաջնորդվել է մեկ հիմնական սկզբունքով՝ պահպանել ծախսերի նախորդ տարվա մակարդակը կամ հնարավորինս կրճատել այն: Կառավարման ողջ համակարգը, ըստ ֆինանսների փոխնախարարի, հաջորդ տարի ստիպված է լիենլու աշխատել խիստ խանայողական ռեժիմով:
« 2013 թվականը մեզ համար սահմանափակ հնարավորությունների տարի է ՝ պայմանավորված նախկինում վերցրած վարկերի մարման գրաֆիկով: Մարումների առումով պիկը հենց 2013 թվականն է, քանի որ 40 մլրդի չափով վարկային մարումներ ունենք»:
Պավել Սաֆարյանի ներկայացմամբ՝ հաջորդ տարվա բյուջեով պետական կառավարման համակարգին ծրագրվում է հատկացնել 62.6 մլրդ դրամ, որի 65 տոկոսը կկազմեն աշխատավարձերը: Սա նախորդ տարվա ցուցանիշից ավելի է մոտ 7.7 տոկոսով:
«Ոզում եմ հասկանալ, թե ուր է գնում այդ աճը, ում վրա է ծախսվում: Կառավարման ոլորտում թեկուզ մեկ դրամի իրական աճ կա՞, թե՞ ոչ»,- նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այս հացին ի պատասխան, ֆինանսների փոխնախարարն ասաց, թե աշխատավարձերի բնականոն աճ ասելով նկատի ունի քաղծառայության համակարգում աշխատավարձերի բարձրացումն ըստ բազային աշխատավարձի ու համապատասխան գործակիցներով հաշվարկի:
Աշխատավարձերի աճի մեջ մտնում են նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են՝ պայմանավորված միասնական նոր հարկատեսակի՝ եկամտային հարկի կիրառմամբ: Այս ճշգրտումները, փաստորեն, փոխել են աշխատավարձերի անվանական արժեքները, բայց ոչ ստացվող եկամուտները:
Կառավարման համակարգի հիմնական օղակների ծախսերի մասին
Նախագահի ապարատի պահպանման ծախսերն աճել են ընդամենը 20 մլն դրամով: Սա, ըստ ֆինանսների փոխնախարարի, վերջին տարիների ընթացքում առաջին դեպքերից մեկն է, երբ աճը նման ցածր թվով է բնութագրվում, «որովհետև այստեղ ևս խիստ խնայողական մոտեցում է ցուցաբերվել: Ի դեպ, բոլոր ծախսերի գծով կան կրճատումներ»:
Կառավարության աշխատակազմի ծախսերն էլ, ըստ 2013 թ.-ի բյուջեի, ավելանալու են միայն 31.1 մլն դրամով: Ամենից շատ ավելանալու են ԱԺ ծախսերը: Դրանք 2013թ.-ին նախորդ տարվա ցուցանիշից ավելի կլինեն 197 մլն դրամով, թեև ԱԺ-ի կողմից ներկայացված հայտը, ըստ փոխնախարարի, շատ ավելի մեծ է եղել և փաստորեն բավարարվել է մասամբ: