ԿարևորՏնտեսական

Ի՞նչ է անհրաժեշտ արդյունաբերական ողջ պոտնեցիալն իրացնելու համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Խորհրդային տարիներին տարբեր ազգերի սպառողներին հայտնի հայկական թեթև արդյունաբերությունից այսօր գրեթե ոչինչ չի մնացել: Կարի ֆաբրկաների մի մասը չի աշխատում, մի մասն էլ աշխատում է, բայց ոչ նախկին ծավալներով: Խորհրդային տարիներին 13,5 մլրդ ռուբլի ունեցող ՀՆԱ-ի մեջ թեթև արդյունաբերությունը կազմել է 23 տոկոս: Այս տարվա անցած ութ ամիսների տվյալներով այն կազմում է 0,55 տոկոսը կամ 702 մլրդ դրամ: Չինաստանից ու թուրքիայից տարեկան մոտ 500 մլն դոլարի թեթև արդյունաբերական ապրանքներ են ներկրվում Հայաստան, սա Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը պատվաբեր չի համարում:«Թեթև արդյունաբերության ավանդույթներ ունեցող մեր երկրի համար այդքան էլ պատվաբեր չի»:

Հայկական շուկայում հայտնի «ՏՈՍՊ» ընկերութան տնօրեն Սուրեն Բեկիրսկուն խնդրեցինք թվարկել իր կարծիքով ամենակարևոր խնդիրները: «Ձեր հարցի պատասխանը կարելի է տալ մոտավորապես տասը հատորանոց գրության մեջ: Եվ եթե սկսենք առաջին հատորից ընդհանուր առմամբ, ֆինանսի անմատչելիություն, աշխարհագրական ու քաղաքական իզալյացիա, հարկային բեռ և այլն: Ես չեմ կարողանում հստակ մատնացույց անել»:

Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ ՓՄՁ-ի ոչ միայն թեթև արդյունաբերության ճյուղի ներկայացուցիչներն էին հանդիպել: Պեռլիտ արտադրող ձեռնարկություններից մեկի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը դժգոհ է երկաթուղու բարձր գներից.«Նախկինում մենք մեծ քանակներով դուրս ենք ուղարկել, բայց հիմա չենք կարողանում ու մրցունակ չենք մյուս նմանատիպ արտադրություն ունեցող կազմակերպությունների հետ, հատկապես Թուրքիայի, որոնք այսօր մեծ ծավալով են աշխատում»:

Հայրենական ապրանք արտադրողների միությունը կառավարության ղեկավարի հետ հանդիպման էր եկել առաջարկների մի ամբողջ փաթեթով: Վազգեն Սաֆարյանը կարևորում է բոլոր հարցադրումները: Նրա առաջարկություններից հերթականը կառավարության ղեկավարը նորույթ է համարել: Սահմանամերձ շրջանների բնակիչ մի շարք հաջողակ գործարարներ այսօր դրսում են աշխատում, սակայն, պատրաստ են վերադառնալ հայրենի գյուղեր ու բիզնես սկսել ծննդավայրում.«Նրանք ասում են, որ եթե իրենց հարկային արտոնություններ տրվեն, ապա նրանք կարող են իրենց հայրենի գյուղերում կազմակերպել թեթև արդյունաբերական ձեռնարկություններ, արտադրել տրիկոտաժ և դրանք արտահանել այն երկրներ, որտեղ իրենք որոշակի ճանաչում ունեն և հնարավորություններ: Վարչապետը սա համարեց նորույթ, և ասաց, որ դրա մասին կմտածեն»:

Բացի սա, գործարարները կառավարության ղեկավարին առաջարկեցին արտոնություններ սահմանել ՓՄՁ-ին, ստեղծել արդյունաբերական հիմնադրամ, համակարգման կարիք ունի շինարարության ոլորտը: Նմանատիպ հանդիպումները կարևորում է նաև Տիգրան Սարգսյանը.«Առաջին հանդիպումը չի, որ մենք կազմակերպում ենք: Այսպիսի հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս քննարկել այն հարցերը, որ մտահոգում են ձեզ, այն խնդիրները, որոնք կանգնած են արդյունաբերության առջև, և մենք փորձում ենք այսպիսի քննարկումների շնորհիվ բացահայտել այն կարևորագույն միջոցառումները, որոնք ձեր կարծիքով անհրաժեշտ են իրականացնել, որպեսզի արդյունաբերական պոտնեցիալն ամբողջությամբ իրացվի»: Հայրենական ապրանք արտադրողների միության անդամներից երկուսը պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button