Հասարակություն

Գրիշա Բաղիան.«Չկան սիբիրախտով հիվանդ կենդանիներ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Այսօրվա դրությամբ չկան սիբիրախտով հիվանդ կենդանիներ: Ընդհանրապես այսօր անհանգստանալու ոչինչ չկա, ամեն ինչ վերահոսկողության տակ է»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ վստահեցրել է գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Գեղարքունիկի մարզում հայտարարված կարանտինը դեռ շարունակվելու է, քանի որ բոլոր անասունները վերապատվաստվել են, իսկ պատվաստված անասունների մսեղիքի գործածումն արգելվում է մինչեւ 14 օր:

Վարդենիսում արձանագրված Սիբիրախտ հիվանդությանն անդրադառնալով` գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Գրիշա Բաղիյանը նախ պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում հիվանդությունը: Սուր-վարակիչ այս հիվանդությամբ վարակվում են գյուղատնտեսական խոտակեր կենդանիները, հազվադեպ` նաեւ շներն ու կատուները, երբեմն` մարդիկ: «Ամեն տարի արձանագրվում է սիբիրախտ հիվանդության մեկ կամ երկու դեպք»: Այս տարի Ծովակ գյուղում սեպտեմբերին կենդանիների մոտ նկատվեց արյան պարազիտային հիվանդություն, որի դեմ պայքար տարվեց` եղել է բուժում կամ հարկադիր մորթ: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով, սակայն, այս հիվանդության բուժումից հետո մի կենդանու մոտ նկատվել է սիբիրախտի բացիլներ: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու ներկայացուցչի խոսքով` ամբողջ գլխաքանակը սիբիրախտի դեմ պատվաստված է եղել դեռ մայիս ամսին:

Սիբիրախտի հիվանդության բացիլների հայտնաբերումից հետո կրկին ամբողջ գլխաքանակը պատվաստվել է: «Այսօրվա դրությամբ Վարդենիսի տարածքում չկան սիբիրախտով հիվանդ կենդանիներ: Ընդհանրապես` այսօր անհանգստանալու ոչինչ չկա, ամեն ինչ վերահոսկողության տակ է»,-վստահեցրեց գյուղատնտեսության փոխնախարարը: Առողջապահության նախարարությունը ստուգումներ էր անցկացրել բուժհաստատություններ դիմած 15 մարդու նկատմամբ: Սիբիրախտի բացիլներ հայտնաբերվել էին միայն մեկ մարդու մոտ: Գյուղատնտեսության փոխնախարարը հորդորեց, որ Գեղարքունիքի բնակչությունը կատարի այն պահանջները, որոնք դնում են անասնաբուժական ծառայությունները:

Անդրադառնալով սիբիրախտի դեմ մայիս ամսին կատարված պատվաստումներին` Գրիշա Բաղիյանը նշեց, որ դրանք արվել են ըստ պահանջի: Արձագանքելով հարցին, որ նախարարությունում ուսումնասիրություն է տարվում` պարզելու արդյո՞ք մեղավորներ կան, Գրիշա Բաղիյանը տեղեկացրեց, որ հարուցված է քրեական գործ և համապատասխան  մարմիններն ուսումնասիրություններ են կատարում: Դրանք ընթացքի մեջ են: Սիբիրախտ հիվանդության բացիլները, ըստ փոխնախարարի, կարող էին կենդանու մոտ կրկնված լինել, քանի որ տվյալ կենդանու մոտ մեկ այլ հիվանդության պատճառով տեղի է ունեցել իմունիտետի անկում: Տվյալ դեպքում, ըստ գյուղնախարարության պատասխանատու ներկայացուցչի, սիբիրախտի բացիլները սկսել են ակտիվանալ արյան պարազիտային հիվանդության պատճառով թուլացած իմունիտետի պայմաններում:

Թողնել պատասխան

Back to top button