Տնտեսական

Ոսկեգործության զարգացումը կապում են տնտեսական ազատ գոտիների հետ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան ոսկեգործության հեռանկարները լրջորեն կապվում են Հայաստանում ստեղծված և ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներում ոսկերչական ընկերություների հնարավոր ներգրավվածության ծրագրի հետ, այսօր ընդգծվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում անցկացված համաժողովի ընթացքում:

Համաշխարհային այս համաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թաիլանդից, Լիբանանից:

Հայաստանյան շուկայում այսօր ամենալայն սպառումն ունեն Թուրքիայից բերված ոսկեգործական ապրանքները, որոնք ավելի էժան են, քան շատ դեպքերում Հայաստանում արտադրված զարդերը:
Սեւան Քըզմազօղլուն պոլսահայ է, իր ընկերների հետ առաջին անգամ է Հայաստանում եւ ուրախ է այստեղ միանգամից ողջ աշխարհից հավաքված հայերի հետ հանդիպել ու ծանոթանալ: Սեւանն անկեղծացավ՝ իրենք արդեն գործարար ծրագիր են մշակել Հայաստանում իրագործելու նպատակով: Նա Հայաստանում գտնվելու օրերին արդեն հասցրել է նծանոթանալ ոսկե զարդերի հանդեպ հայերի ճաշակային առանձնահատկություններին։

Ոսկե եւ ադամանդե զարդերի հանդեպ հայերի նախընտրությունները որոշակի զարմանք են հարուցում հատկապես այն ոսկեգործների մոտ, ովքեր աշխատում են թե հայ, թե արտասահմանցի սպառողների էլեգանտ ճաշակը բավարարելու ուղղությամբ:

Վաչե Մանուկյանը, որպես ոսկեգործական իրերի երեւանյան արտադրող, աշխատում է թե հայ, թե արտասահմանցի պատվիրատուների հետ, ստեղծում զարդեր միայն պատվիրատուի նախասիրության սահմաններում: Հենց այդ աշխատանքի շրջանակներում էլ հասցրել է նկատել` այն, ինչ հաճախ պատվիրում են հայերը, գրեթե երբեք չեն պատվիրում արտասահմանցիները, այն է` սրբապատկերներով, հրեշտակներով զարդեր:

Մարալ Արթինյանը Թաիլանդից բազմաթիվ կիլոմետրեր է անցել` Հայաստանում  առաջին անգամ ցուցադրելու իր ընկերության նրբաոճ բրենդային արտադրանքը: Հայաստանյան ոսկու շուկաներում դեռ շրջել չի հասցրել, սակայն հայ ոսկեգործների ձեռքի հմտությունների վրա դույզն անգամ չի կասկածում:

Թողնել պատասխան

Back to top button