ԿարևորՀասարակություն

Հայաստանը եւս ցանկանում է պրոբացիոն ծառայություն ունենալ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակներում Եվրամիությունն աջակցում է նաեւ Հայաստանում պրոբացիոն ծառայություն ստեղծելու գործին: Այսօր Երեւանում ներկայացվել է պրոբացիոն ծառայության ձեւավորման ռազմավարական փաստաթղթի առաջին նախագիծն ու գործողությունների պլանը:
Ծառայությունը ստեղծվելու է արդարադատության նախարարության նորքո, սակայն լինելու է քրեակատարողական ծառայությունից անկախ գործակալություն: Նման ծառայություններ կան եվրոպական երկրներից 26-ում: Լավագույն  փորձն էլ պետք է հիմք դառնա Հայաստանի համար:
Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման ռազմավարական փաստաթուղթը մշակած խմբի ղեկավար Դանիել Ստոյանովն ասաց, որ գլոբալ նպատակն է օգնել իրավախախտների ուղղմանը, հանցագործությունների մակարդակի նվազմանը եւ դրանով իսկ` հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Փորձագետներն առաջարկում են, որ պրոբայցիոն ծառայությունը զբաղվի նաեւ հանցագործություն կատարածի եւ տուժածի հաշտեցմամբ:
Արտասահմանցի փորձագետը շեշտեց, որ պրոբացիայի մեկ քարացած մոդել չկա եւ յուրաքանչյուր երկիր այն ստեղծում է` ելնելով իր առանձնահատկություններից: Հենց այդ պատճառով էլ առաջին նախագիծը դրվել է լայն քննարկման` վեր հանելու այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը:
Ազատազրկումից հետո, ազատազրկման փոխարեն, կալանավայրերում անձի հետ աշխատանք. սրանք այն երեք հիմնական բաղադրիչներն են, որոնք ներառում են իրենց մեջ պրոբացիոն ծառայությունը:
Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի կարծիքով` այս երեք տարրերի ճիշտ համադրության արդյունքում հնարավոր է առավել իջեցնել կրկնհանցագործության տոկոսը, բարձրացնել պատժի սոցիալական արդարության տարրը, ինչն իր հերթին, փոխնախարարի ձեւակերպմամբ, կբերի էլ ավելի արդար ու անվտանգ Հայաստանի:

Թողնել պատասխան

Back to top button