Քաղաքական

Այսօր Կարսի անկման տարելիցն է. քաղաքում այսօր ներդրումների աննախադեպ աճ է գրանցվում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Կարսի անկման 92-րդ տարելիցն է: Այս առիթով «Ուրբաթ» մամուլի ակումբում   պատմության այս ողբերգական էջին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձել է վերլուծաբան, «Հայերը և թուրքերը» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը:

Նա նշեց, որ չարենցյան «Երկիր Նաիրիում» նկարագրված բերդաքաղաքի անկումը արագացրեց և Հայաստանի առաջին հանրապետության անկումը։

Մեր գործընկերը նշեց, որ Կարսը եղել է Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը և հացի շտեմարանը: Այցելելով Կարս՝ նա զգացել է մինչ օրս այնտեղ պահպանված հայկականության ոգին:

«Չնայած նրան,որ արդեն 90 տարի է, ինչ մենք կորցրել ենք Կարսը, այնտեղ ամեն քարի տակ հայկական բան կա»,- ասում է:

Ըստ վերլուծաբանի՝ այդ շրջանները այսօր բուռն զարգացում են ապրում և թուրքական ներդրումները այստեղ հատկապես վերջին տարիներին աննախադեպ աճ են գրանցել:

Անդրադառնալով հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակին՝ Թաթուլ Հակոբյանը նշեց դրանց իսպառ բացակայության մասին։ Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները՝ նա ընդգծեց, որ պաշտոնական Երևանը պետք է ժամ առաջ հրաժարվի Ժնևում ստարագրված հայ-թուրքական արձանագրություններից:

«Հայ-թուրքական հարաբերություններ չկան. դրանք վերջին քսան տարիների ընթացքում երբեք այսպիսի ցածր կետի վրա չեն եղել, ինչպես հիմա է: Հայ-թուրքական արձանագրությունները, լուծ են` դրված Հայաստանի Հանրապետության ուսերին,  իսկ թուրքերը ամեն առիթ օգտագործելու են` քանի դեռ հայերը պաշտոնապես չեն հրաժարվում այդ արձանագրություններից»,- ասում է նա:

Թեպետ միջպետական հարաբերություններն այսօր բացակայում են, այնուհանդերձ՝ անցյալ շաբաթ Ստամբուլում կայացել է համաժողով, որին մասնակցել են Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ և փորձագետներ` քննարկելու ոչ պետական դերակատարների նշանակությունը երկկողմ հարաբերություններում:

Անդրադառնալով այս համաժողովին՝ Թաթուլ Հակոբյանը նշեց դրա կարևորությունը ժողովրդական դիվանագիտության տեսանկյունից՝ միաժամանակ չբացառելով ստորջրյա քարերի առկայությունը:

Թողնել պատասխան

Back to top button