ԿարևորՔաղաքական

Հայաստանում է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Ռեյ Մաբուսի հանդիպումը մեր երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որին հաջորդել է կարճատև մամուլի ասուլիս: Ռազմական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով` նկատել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 2011-12 թթ Հայաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների հարաբերություններն առանձնահատուկ են եղել` բարձրաստիճան պաշտոնյանների փոխայցելություններ, խորհրդատվություններ: Հերթական այցն էլ խոսում է այն մասին, որ պաշտպանության բնագավառում երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ դինամիկ զարգացման միտում ունեն` մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատականն է: Նախարարը նաեւ ներկայացրեց այն ուղղությունները, որոնց զարգացման հեռանկարները քննարկվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ: Փորձի փոխանակում կլինի նաեւ ռազմաարդյունաբերության ոլորտում` հավելեց նախարար Սեյրան Օհանյանը: Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մեջ իր խորհրդատվություններով կարեւոր դեր ունեն ԱՄՆ ռազմածովային ուժերը: Միայն այս տարվա ընթացքում վերապատրաստվել են շուրջ 200 հայ խաղաղապահներ:

Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը, բացի ռազմածովային ուժերի ղեկավարումից նաեւ իրականացնում է ծովային հետեւակի ուժերի ղեկավարում, որոնք երկրագնդի վրա տարբեր թեժ կետերում են իրականացնում համապատասխան ծառայություն: Ռեյ Մաբուսն ասաց, որ ԱՄՆ-ն անչափ կարեւորում է ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունները եւ գոհունակություն հայտնեց Կոսովոյում եւ Աֆղանստանում հայկական ուժերի աշխատանքների համար: «ԱՄՆ ռազմածովային ուժերը, ծովահետեւակային կորպուսը աշխատել են Հայաստանի նախարարության հետ ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ վարժանքների իրականացման ուղղությամբ` վերջին երկու տարիներին եւ մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել նաեւ առաջիկայում»:
Ռեյ Մաբուսի խոսքով` ակնկալում են, որ համատեղ նոր վարժանքներ առաջիկայում նույնպես կլինեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button