ԿարևորՏնտեսական

Հայաստանը հարկային վարչարարության ոլորտում բարելավել է իր վարկանիշը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Միջազգային հեղինակավոր կառույցների գնահատմամբ` Հայաստանը հարկային վարչարարության ոլորտում բարելավել է իր վարկանիշը: Ինչո՞վ են Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները բացատրում այդ ձեռքբերումները եւ ո՞ր փոփոխություններն են առավելապես այդ դրական գնահատումների հիմքում. ՊԵԿ-ում կայացած ասուլիսի ժամանակ այսօր իրենց դիտարկումներն են ներկայացրել ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը եւ Հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Համաշխարհարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ հրապարակած «Doing business 2013», նույնն է թե` «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի մասին դրական գնահատականերն առիթ էին դարձել այսօր լրագրողների հետ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հանդիպման համար: «Doing business 2013» զեկույցը, հիշեցնեմ, գնահատում է, թե որքանով է իրեն «հարմարավետ զգում» բիզնեսը տվյալ երկրում: Հայաստանը հետազոտված 10 ուղղություններում 18 վարկանիշային կետով բարեփոխումների հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաեւ «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 185 երկրների շարքում իր դիրքերը բարելավել է միանգամից 44 կետով` բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշն արձանագրելիս հաշվի են առնվել` ինչպես եւ ինչ արդյունավետությամբ են վճարվում հարկերը, որքան ժամանակ են ծախսում եւ ինչ մեթոդով են տնտեսվարողներն առավելապես ներկայացվում հարկային հաշվետվությունները` թղթային, թե էլեկտրոնային, եւ, ի վերջո, թե որքանով է ծանր հարկային բեռը Հայաստանում:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն ընդգծում է կոմիտեի նպատակադրումը, այն է` հնարավորին չափ կրճատել հարկային մարմին-հարկատու շփումները` այդպիսով փորձելով նվազագույնի հասցնել այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ծնվում են հենց այդ շփումների արդյունքում: Այդ խնդրի լուծումը մասնագետները տեսնում են էլեկտրոնային համակարգում: 2009 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: Դրան միացողների թվի պարբերական ացելացումը նկատի առնելով` եկող տարվա առաջին իսկ օրվանից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունելը կլինի պարտադիր: Դեմ առ դեմ հանդիպելն ու միմյանց հասկանալու բանակցությունների տարբեր եղանակներն այսպիսով պետք է բացառվեն: Սակայն արդյոք հայ տնտեսվարողներն ու թեկուզ հենց հարկային համակարգի աշխատակիցները հատկապես մարզերում ունեն բավարար էլեկտրոնային գրագիտություն` ամբողջապես աշխատելու էլեկտրոնային բարեկիրթ հարթության մեջ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ռիսկեր տեսնում է այս առումով:

Հարկային եւ մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք առավել շատ են արժանանում միջազգային կառույցների ուշադրությանը, քննադատությանը: Համակարգում առկա խնդիրները պարբերաբար քննարկման եւ դիտողությունների թեմա են դառնում նաեւ հայրենի կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին դիտողությունները մաքսային համակարգում այս կամ այն բազմապիսի պետքական եւ ոչ պետքական փաստաթղթեր պահանջելուն էին վերաբերում: Մնում է հուսալ, որ «Doing business»-ի դրական միջազգային գնահատականները կկիսեն նաեւ մեր հայաստանյան տնտեսվարողները գոնե մոտ ապագայում:

Թողնել պատասխան

Back to top button