ԿարևորՎերլուծական

Թուրքագետ.Վրաստանը ի վնաս Հայաստանի մշտապես սիրաշահել է թուրք-ադրբեջանական տանդեմին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին տարիներին Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այդ երկրում ուժեղացավ թուրք-ադրբեջանական գործոնը: Այս մասին այսօր հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա համոզմամբ, սակայն, այդ իրավիճակային քայլերը հեռանկարային առումով չեն բխում Վրաստանի շահերից: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ նկատել է, որ Վրաստանը մշտապես է ի վնաս Հայաստանի սիրաշահել թուրք-ադրբեջանական տանդեմին եւ դա նորություն չէ: Ամեն դեպքում` բանախոսները համոզմունք են հայտնել, որ թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացումը Վրաստանում ունի սահմանագիծ, որից այն կողմ չի կարող անցնել եւ դա հասկանում են թե Վրաստանի նորընտիր իշխանությունները, թե տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները:

«Ջավախք» ՀՄ նախագահը չի պնդում, թե վրաց-ադրբեջանական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Նրա դիտարկմամբ` այդ հարաբերությունները խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ կան: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես նկատեց, որ երեք պետությունները բոլոր հարցերում չէ, որ իրար հետ համագործակցում են: Թուրքագետի գնահատմամբ` ի հաշիվ Հայաստանի թուրք-ադրբեջանական տանդեմին Վրաստանի սիրաշահումը լավ բանի չի հանգեցնի:
«Ջավախք» ՀՄ նախագահը, սակայն, Վրաստանի վարած այսօրվա քաղաքականությունը չի կապում հայատյացության հետ:

Նրա դիտարկմամբ, նման տրամադրություններ Վրաստանում եղել են դեռ առաջին հանրապետությունների ստեղծման տարիներին: 1990-ականներին էլ, հիշեցրեց Շիրակ Թորոսյանը, Վրաստանը պառակտման եզրին էր, սակայն դա կանխվեց հենց Հայաստանի իշխանությունների շնորհիվ: Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, գլոբալ քաղաքական եւ տնտեսական շահերը ստիպում են վրացական եւ ադրբեջանական իշխանություններին զանց առնել բոլոր տիպի հակասությունները եւ առավելություն տալ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործոններին:

Այդ քաղաքականությունն էլ գործնական եղավ` Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցում, Վրաստանի տարածքով ադրբեջանական էներգակիրների տեղափոխում` Բաքու-Ջեյհան նավթամուղ եւ գազամուղ, այն դեպքում, երբ նուն նախագծերը Հայաստանի տարածքով առավել էժան կարժենային: Նույն պատկերն է նաեւ վրաց-թուրքական հարաբերություններում: Այդ քաղաքականության արդյունքում Վրաստանում ուժեղացավ թուրք-ադրբեջանական գործոնը` թուրքական տարրը մեծ քանակով ավելացավ Վրաստանում: Շիրակ Թորոսյանի համոզմամբ` Սահակաշվիլու ռեժիմի տվյալ քաղաքականությունը իրավիճակային նշանակություն ունի եւ գլոբալ առումով` Վրաստանի հեռանկարային շահերին է հակասում: «Ջավախք» ՀՄ նախագահի կարծիքով` Սահակաշվիլու թիմը ընտրություններում ձախողվեց նաեւ հենց այդ սխալների պատճառով: Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը տվյալ հարցերի վերաբերյալ կոնկրետ խոստումներ էր տալիս ազգաբնակչությանը, Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ, անուղակիորեն խոստանալով թուլացնել թուրքական գործոնի առկայությունը Վրաստանում: Թե ինչ չափով դա տեղի կունենա` ցույց կտա ընթացիք քաղաքականությունը:

Թողնել պատասխան

Back to top button